Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պայմանագրային զինծառայողները, կարելի է ասել, զանգվածային ձեւով խզում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած իրենց պայմանագրերը:
Իհարկե, պայմանագրային զինծառայողների շարքերը նոր համալրողներ էլ են լինում, սակայն հրաժարվողներն ավելին են: Նրանցից մի քանիսը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ իրենք ամսական միջինը 130 հազար դրամ աշխատավարձ են ստանում, որը համարժեք չէ կատարած վտանգավոր աշխատանքին: Եթե նախկինում պայմանագրային զինծառայողները մարտական դիրքերի հերթապահությունից ազատ ժամանակ հնարավորություն ունեին զբաղվելու իրենց ընտանեկան գործերով, գյուղատնտեսական աշխատանքներով, հիմա ստիպված են ողջ ամիսը ներկայանալ պաշտպանական զորամաս:
Պայմանագրային զինծառայողներին է վստահվում հայ-ադրբեջանական սահմանի առավել վտանգավոր հատվածների պաշտպանությունը, եւ նրանք մշտապես գտնվում են ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ: Նոյեմբերյանցի պայմանագրային զինծառայողների զգալի մասը հայաստանյան բանկերի մասնաճյուղերից վերցրած վարկեր ունի, եւ աշխատավարձի մի մասն ուղղվում է դրանց մարմանը:
Ի՞նչ է արվում պայմանագրային զինծառայողների սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովման համար: Այս հարցին ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր գերատեսչությունն ամեն ինչ անում է, որ զինծառայողների նյութական վիճակը բարելավվի: Օրերս հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարը՝ երկրի նախագահը, հայտարարեց, որ այս տարվա երկրորդ կեսին այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ կարվեն, որոշակի չափով կավելանա զինծառայողների նյութական բավարարումը»:
Խոսնակից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ արդյոք պայմանագրային զինծառայողներն օգտվում են քաղաքացիական ծառայողներին հասանելիք սոցիալական փաթեթից: Պարզվեց՝ ոչ, բայց առաջիկայում կօգտվեն սոցիալական փաթեթից, որը, ի տարբերություն քաղծառայողներին տրամադրված սոցփաթեթի, զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից եւ «ատկատաներից»:
Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ հայոց բանակը պայմանագրային զինծառայողներով համալրելը բանակի զարգացման պլանային ուղղություններից է. «Տարեցտարի ավելանալու է Հայաստանի բանակում պայմանագրային զինծառայողների թիվը»: Թե ում հաշվին, պարզ չէ: Փաստ է միայն, որ պայմանագրային զինծառայողներից շատերը լքում են բանակը, եւ մինչ Սերժ Սարգսյանի խոստացած աշխատավարձի բարձրացումը լինի, նրանց մի մասն արդեն Ռուսաստան «խոպան» գնացած կլինի:
Ու այս տեմպերով մոտ ապագայում մեծ դժվարություններ կունենանք հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում, քանի որ մեր երկրում տարատեսակ անհեթեթ դասախոսություններ կարդալու համար միլիոններ միշտ գտնվում են, իսկ բանակի սպայակազմի համար գումարը մշտապես չի հերիքում:
Տավուշ