ԻՆՉՊԵՍ ԵՆ ԶԱՏԻԿԸ ՆՇՈՒՄ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զատիկը կամ Հարության տոնը քրիստոնեական եկեղեցիների, այդ թվում նաեւ՝ Հայ առաքելական եկեղեցու հնագույն եւ գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդության համաձայն՝ յուրաքանչյուր մեծ կամ տաղավար տոնից առաջ պահեցողական շրջան է սահմանված: Այս պահքերից ամենահայտնին, թերեւս, «մեծ» կամ «քառասնորդական» անվանված պահքն է: Այն մեծ է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տեւողություն (49 օր) ունի, այլեւ որ նախորդում է քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին:
Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած մեծ պասի շրջանը:
Զատկի ավանդական սեղանին է դրվում կարմիր ներկած ձու: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսերն ու ասել. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղեւն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը Քրիստոսի արյամբ գնվեց, եւ դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաեւ հույսն Է խորհրդանշում, քանի որ տակավին ձու է, դեռեւս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսը:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանի եւ պարուհի Սոֆի Դեւոյանի հետ զրուցեց հենց Զատկի տոնի մասին:  
ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
-Մենք պարտադիր պատրաստվում ենք Զատկին, մեծ կարեւորություն ենք տալիս այս տոնին: Ընտանիքներով, ընկերներով ենք հավաքվում եւ նշում տոնն իր բոլոր օրենքներով ու կանոններով:
-Չամիչով փլավ, ձուկ պատրաստելո՞ւ եք:
-Ամեն ինչ էլ լինելու է մեր սեղանին: Եթե ես Հայաստանում եմ լինում, մեծ ենք նշում, շատ համեղ բաներ եմ պատրաստում: Սակայն եղել են դեպքեր, երբ Զատկին արտասահմանում ենք եղել:
-Տարբերությունը շա՞տ մեծ է մեր երկրում նշվող տոնի եւ արտերկրում առկա ավանդույթների միջեւ:
-Եթե հայեցի դաստիարակված են` ոչ: Իմ ամբողջ շրջապատը նույն կերպ է նշում տոնը, այն իսկապես տոն է մեզ համար:
-Այդ օրը եկեղեցի գնո՞ւմ եք:
-Նայած հանգամանքների: Շատ հաճախ աղջիկս պաս է պահում, մենք էլ վերջին` Ավագ շաբաթին ենք միանում: Ես միայն աշխատանքից ելնելով չեմ կարողանում պաս պահել: Օրինակ՝ այս տարի չկարողացա պահել:

ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆ
-Հատուկ Զատկի առթիվ ինքս իմ ձեռքով ծառ եմ սարքել, ամեն տարի մի նոր բան ենք կախում վրան: Շատ սիրում ենք Զատիկը, ինձ էլ դուր է գալիս, երբ ամբողջ սեղանը կանաչ է, պայծառ երանգներով:
-Բոլոր ավանդույթներո՞վ եք նշելու, թե՞ բաներ կան, որոնց չեք հետեւում:
-Իհարկե, ձուկ, բրինձ, կանաչեղեն: Պաս չեմ պահում, որովհետեւ մենք կարծես ողջ տարի պասի մեջ լինենք, մսեղեն շատ քիչ ենք օգտագործում: Զատիկն առանձնահատուկ եմ սիրում, դա շատ լավ տոն է, ես առհասարակ տոներ շատ եմ սիրում:
-Հատուկ պատրաստություն տեսնո՞ւմ եք:
-Անպայման կուլիչ եմ թխելու՝ հյուսքի տեսքով խմորեղեն: Ես Ռուսաստանում եմ մեծացել, եւ այնտեղ ընդունված էր Զատկի տոնին տարատեսակ բաներ թխելը: Բացի այդ, ես պատրաստում եմ նաեւ իմ ավանդական կաղամբի թխվածքը: Ամեն ինչ օրենքներով ենք անում: Մեր ընտանիքն արդեն մեծ է՝ 9-հոգանոց, մենք մեծ շուքով ենք նշում Զատիկը:
-Եկեղեցի գնո՞ւմ եք:
-Միշտ չէ, որ ստացվում է եկեղեցի գնալ, բայց քանի որ ես մեծ հավատ ունեմ առ Աստված, կարծում եմ՝ նույնիսկ եթե չես հասցնում գնալ եկեղեցի, կարելի է աղոթել տանը: Ինչպես ասում են, Քրիստոս հարյավ ի մեռելոց:
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:   

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս