ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆԵԼ Է ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
«Բրազիլիայում բժշկուհին մեղադրվում է այն բանի համար, որ սպանել է 7 հիվանդների՝ հիվանդասենյակներում մահճակալներ ազատելու համար»,-գրում է CNN-ը: Բժիշկը 2006-2013թթ. ընթացքում իր հրեշավոր ծրագիրն իրականացրել է անզգայացման, հանգստացնող եւ ցավազրկող միջոցների օգնությամբ: Նա նաեւ մեղսակիցներ է ունեցել: Նրանք որոշ հիվանդների դեպքում նաեւ խափանել են թթվածնի մատակարարումը: Այս գործով քննվում է եւս 7 բուժաշխատող: Ստուգվում են նաեւ 1700 հիվանդների գործեր, որոնք կարող էին դառնալ նրա թիրախը:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
«Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի 35-ամյա Էդուարդ Գ.-ն: Նա մեղադրվում է տեղի խաղատներից մեկի անվտանգության աշխատակցին եւ 20-24-ամյա աշխատակցուհուն սպանելու մեջ»,-հայտնում է Novosti-ն: Պարզվել է, որ մարտի 25-ի գիշերն Էդուարդը տանուլ է տվել մոտ 600 դոլար եւ խաղատան գանձապահից պահանջել հետ տալ տանուլ տված գումարը: Կինը մերժել է, ինչից հետո Էդուարդը սպանել է հղի կնոջը, այնուհետեւ՝ անվտանգության աշխատակցին: Դեպքի շուրջ քրեական գործ է հարուցվել: Էդուարդին սպառնում է 10-15 տարվա ազատազրկում:  

ՀՆԱՐԱՄԻՏԸ
ԱՄՆ-ում 65-ամյա բնակիչն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է բիզնեսով՝ մասնավորապես վաճառելով Լուսնի, Մարսի, Վեներայի եւ Մերկուրիի վրա գտնվող տարածքներ: Թեեւ այս բիզնեսն օրինական հիմքեր չունի, այնուամենայնիվ, նրան որեւէ մեկը չի կարող արգելել դրանով զբաղվել: Հնարամիտ «գործարարը» պատմել է, որ այս գործով զբաղվում է 1980թ.-ից: Ոմանց կարծիքով՝ նա պարզապես հմուտ սուտասան է, որը խաբում է մարդկանց՝ նրանց անպետք տարածքներ վաճառելով:

ԹԱՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մի զույգ ամուսնացել է թաղման արարողության ժամանակ հարսնացուի հորեղբոր դագաղի մոտ: Այդ կերպ նրանք հարգել են հանգուցյալի հիշատակը, որը պատրաստվում էր հարսնացուին խորան ուղեկցել, քանի որ նրա հայրը վաղուց էր մահացել: Հանգուցյալին հրաժեշտ տալու էր եկել ավելի քան 2000 մարդ, սակայն միայն 850-ին է հաջողվել մուտք գործել եկեղեցի եւ մասնակցել անսովոր պսակադրությանը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս