Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Թումո»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախագահ, «Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի և կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի, ծանոթացավ կենտրոնի պայմաններին և ուսումնական ծրագրերին:

«Թումո» հաճախող պատանիները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին իրենց ստեղծած նոր խաղերն ու ծրագրերը: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նրանց հարցերին:

Վերջում Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունը բերեց կենտրոնի հիմնադրին, աշխատակազմին և սաներին` բարձր գնահատելով ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն ապահովելուն ուղղված ջանքերը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ առաջիկայում նմանատիպ կենտրոն կհաստատվի նաև Էջմիածնում:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:




Լրահոս