ԱՆԻՄԱՍՏ ՇԱՆՏԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրություններին չմասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իր չմասնակցությունը պոստ ֆակտում փորձեց ներկայացնել որպես բոյկոտ, Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում որոշել է որդեգրել հակառակ  մարտավարությունը. մասնակցել բոլոր ուժերով, սակայն ընտրություններում չհաղթելու դեպքում` բոյկոտել: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե եթե Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվեն, ապա ԲՀԿ-ն կբոյկոտի իր մասնակցությունն այդ «ոչ լեգիտիմ կառույցի աշխատանքներին»: Այսպիսով` ԲՀԿ-ն կոշտացնում է իր դիրքորոշումը, եւ Երեւանի ավագանու ընտրություններում իր համար ընդունելի արդյունքներ չգրանցելու դեպքում իշխանություններին սպառնում վերածվել «արմատական այլընտրանքի»: Ընդ որում, հենց  արմատական այլընտրանքի եւ ոչ թե ընդդիմության, քանի որ առայժմ  ԲՀԿ-ն խոսում է ոչ թե  ընտրությունների արդյունքը բողոքարկելու, այլ ընդամենը ավագանու աշխատանքները բոյկոտելու մասին: Թե ինչ արդյունք կարող է տալ նման շանտաժը, դժվար է ասել, առավել եւս, որ այս պահի դրությամբ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկը, կարծես թե, ԲՀԿ-ի օրինակին հետեւելու մտադրություն չունի: Հետեւաբար, եթե անգամ ԲՀԿ-ն որոշի կրկնել ՀԱԿ-ի փորձը եւ բոյկոտել Երեւանի ավագանու աշխատանքները, ՀՀԿ-ն հանգիստ «յոլա կգնա» առանց նրա` «Դաշնակցության», Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» հետ: Ճիշտ այնպես, ինչպես 2009-ին «յոլա գնաց» առանց ՀԱԿ-ի, որը, ի դեպ, այդ ժամանակ շատ ավելի մեծ քաղաքական կշիռ ուներ, քան այսօր ԲՀԿ-ն:
Էլ չասած` որ եթե մնացած քաղաքական ուժերի կողմից ընտրությունները կեղծելու մասին հայտարարությունները հանրությունն ընդունում է որպես իշխանության հասցեին ուղղված մեղադրանք, ապա «Բարգավաճ Հայաստան»-ի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ այդ ուժը քաղաքականության մեջ իր առաջին քայլերը սկսել է «տուկի թելի» ու սերմացու կարտոֆիլի տեսքով ընտրակաշառք բաժանելով, որը վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում արդեն վերածվեց տրակտորների եւ աղբահան մեքենաների: Ասել է թե` ԲՀԿ-ի զգուշացումը, թե եթե Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվեն, ապա իրենք ավագանու աշխատանքը կբոյկոտեն, պետք է հասկանալ հետեւյալ կերպ. եթե Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվեն միայն ՀՀԿ-ի կողմից: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի հետ համատեղ միասնական վերահսկողական խմբեր ձեւավորելու նախաձեռնությանը, ապա այն հիշեցնում է նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ձեւավորված միասնական շտաբը, որից, սակայն, մնաց միայն ոչինչ չասող անատամ մի հայտարարություն եւ ԲՀԿ-ի փողերով շտաբի անձնակազմի կուշտ-կուշտ կերած բուտերբրոդների մասին հիշողությունը:




Լրահոս