ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչության իրականացրած ստուգումների արդյունքում «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում, որն ավելի հայտնի է «Դիլիջան Ռեզորթ» անունով, հայտնաբերվել են մի շարք խախտումներ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Իջեւանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան` 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով: Իսկ «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն էլ հակընդդեմ հայցով պահանջել է չեղյալ համարել Իջեւանի ՏՀՏ-ի կողմից 2013թ. հունվարի 9-ին կազմված թիվ 1008042 ստուգման ակտի «Շահութահարկ» բաժնի 1-ին կետը եւ «Ավելացված արժեքի հարկ» բաժնի 1-ին եւ 4-րդ պարբերությունները: Տեղեկացնենք, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա 66 հասցեում գործող «Դիլիջան Ռեզորթ» առողջարան-հյուրանոցը քաղաքի ամենաշքեղ հանգստյան օբյեկտներից է, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) ընտանիքին: ԱԺ պատգամավորը, սակայն, երեկ հրաժարվեց «Ժողովուրդ»-ի հետ զրուցել այս թեմայով. «Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ