ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ՞ ՏԽՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ  Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Երբ քննարկվել են ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության հետ կապված հարցերը, մասնավորապես` թե ովքեր են ներկա լինելու, ԱԺ նախագահը վստահեցրել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անպայման ներկա է լինելու: Սակայն Ս. Սարգսյանը խիստ տոնով ընդհատել է Աբրահամյանին` նետելով, որ դա իրեն քիչ է հետաքրքրում, եւ ընդհանրապես, վերջին ժամանակներս Աբրահամյանը չի կարողանում հստակ պատասխաններ տալ խնամուն` Ծառուկյանին առնչվող  հարցերին: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԳՄ անդամ Գալուստ Սահակյանի հետ:
-Որեւէ խոսակցություն Հովիկ Աբրահամյանն ու նախագահը չեն ունեցել, նման խնդիր չէր էլ կարող լինել: Երդմնակալության հարցը մենք չենք քննարկում, երդմնակալությունը Սահմանադրության դրույթ է, մենք ի՞նչ պետք է քննարկենք:
-Մեր տեղեկություններով՝ հյուրերի ցանկը, հատկապես Գ. Ծառուկյանի ներկա գտնվելու հարցը քննարկելիս Ս. Սարգսյանը շատ խիստ ձեւով է արտահայտվել…
-Չէ՛, նման բան հնարավոր չէ կուսակցական մակարդակով քննարկել, որովհետեւ դա այլ սցենար է: Դա անհեթեթ ինֆորմացիա է, ինչի՞ պետք է այդ նիստի ժամանակ դրա մասին խոսենք:
-Իսկ այն, որ Ս. Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ԱԺ նախագահի հե՞տ…
-Դա ոչ թե տեղեկություններ են, այլ ցանկություններ, նման խնդիր չի եղել եւ չի էլ կարող լինել:
-ԳՄ նիստից հետո Հ. Աբրահամյանը շատ անտրամադիր ու տխուր  դուրս եկավ, ինչո՞վ էր դա պայմանավորված:
-Հ. Աբրահամյանը երբեք չի տխրում, բայց ո՞վ է որոշում՝ նա տխրում է, թե չի տխրում: Մի՛ տրվեք ժամանակի սեթեւեթանքներին:
-Այժմ ՀՀԿ-ականների համար պա՞րզ է, թե ովքեր են ներկա լինելու ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալությանը, ու, հատկապես, հստա՞կ է՝ արդյոք Ձեր նախկին կոալիցիոն գործընկերը` ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը, ներկա է լինելու:
-Բոլորը հրավիրվելու են, ոչ թե մենք հրավիրատոմս ենք ուղարկում, այլ նախագահի ստանձնումն իր պաշտոնին ԱԺ նիստում է տեղի ունենում, իսկ ԱԺ նիստում ովքեր կգան՝ կգան, այդպես հրավիրատոմս չկա: Դա ԱԺ նիստ է, կլինեն բացականեր, թե չեն լինի՝ դա հանգամանք չէ: ԱԺ պատգամավորը պարտավոր է մասնակցել, ի՞նչ հրավիրատոմսի խնդիր կա այդտեղ:
-Այսինքն՝ քանի որ Գ. Ծառուկյանն  ԱԺ պատգամավոր է,  նա ե՞ւս պարտավոր է ներկա լինել երդմնակալության արարողությանը:
-Իհարկե, ինքը պարտավոր է գալ: Իսկ ԱԺ նիստերին հրավիրատոմս չեն ուղարկում, դա Սահմանադրության նորմ է, ԱԺ նիստին պատգամավորն ինքը պարտավոր է ներկա լինել:
-Բացի պատգամավորներից, ովքե՞ր են ներկա լինելու այդ արարողությանը, կա՞ մասնակիցների հստակ ցուցակ, որոնց արդեն հրավիրատոմս եք ուղարկել:
-Մենք որեւէ մեկին հատուկ չենք հրավիրել: Ինքը՝ նախագահը կարող է նաեւ հյուրեր հրավիրել, այդտեղ որեւէ խնդիր չկա: Ես տեղեկություն չունեմ՝ արդյոք նախագահը հյուրեր հրավիրել է, թե ոչ:
-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս երդվելու է այդ օրը, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում…
-Նախագահը գալու է երդվի, շատ հզոր ձեւով այդ երդումը պետք է ընդունվի, եւ նախագահը երկրորդ անգամ կստանձնի իր պարտավորությունները: Ես չեմ կարող արժեւորել Ր. Հովհաննիսյանի գործողությունները, այսօր անգամ ինֆորմացիա չունեմ՝ ինքը արդեն սկսել է փողոցային ժամադրություններով առաջ գնալ: Եվ կարծում եմ՝ ընդդիմության մոտեցումները, ձեւը, որակը կամ գործողությունները, բնականաբար, այդքան քննարկելի չպետք է լինեն, որովհետեւ ժողովրդավարության սցենարն այդպես է` պետք է լինի իշխանություն եւ ընդդիմություն: Հիմա ընդդիմությունը Կապանում կպայմանավորվի` տղա տեսնի, ինչ-որ բան ասի կամ Ազատության հրապարակում, դա մեթոդիկա է: Բայց Րաֆֆին ինչո՞ւմն է երդվելու: Րաֆֆին կարող էր երդվել, երբ որ ղարաբաղյան պատերազմ էր, եւ Երեւան քաղաքն այդքան լուսավոր չէր, եւ այդքան ասֆալտապատում չկար: Ամեն մեկը կարող է ինչ-որ մի տեղից գալ ու ինչ-որ մի բան երդվել, այդ խնդիրը մեր պետությունը չունի: Մի ուրիշն էլ կարող է գալ ու երդվել: Ազատ աշխարհ է, ու բոլորն էլ մտածում են, որ կարող են երդվել:
-Այդ օրն Ազատության հրապարակում ժողովուրդը Ր. Հովհաննիսյանի կողքին է լինելու, իսկ եթե հանկարծ…
-Ես չեմ հասկանում, թե ժողովուրդ ասելով՝ Դուք ինչ եք հասկանում, մի փոքր զանգված… ու հանկարծ ժողովուրդը: Մենք վտանգներ չենք տեսնում, քանի որ վտանգավորներն ուրիշներն են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս