ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ ՁԵՐ ԳՐՊԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեւէ մտածե՞լ եք, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաները որքան գումար են ծախսում, օրինակ, գործուղումների, գրասենյակային նյութերի, ավտոմեքենաների ձեռքբերման կամ դրանց վերանորոգման համար: Այդ գումարները ծախսվում են հենց մեր գրպանից` ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերից գոյացած պետական բյուջեից, ուստի եւ յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալու, թե այդ գումարներն ուր են գնում:
Պաշտոնական տվյալներն այս առումով բավական խոսուն են: Նախորդ տարվա համար ՀՀ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացվել է 3.96 մլրդ դրամ (մոտ 9,4 մլն դոլար), ՀՀ ԱԺ-ին` 2.9 մլրդ դրամ (7 մլն դոլար), ՀՀ կառավարությանը` ավելի քան 10 մլրդ դրամ (24 մլն դոլար): Այսինքն` ՀՀ քաղաքացիներս միայն իշխանության այս երեք մարմինների աշխատանքի ապահովման համար նախորդ տարի վճարել ենք մոտ 36.3 մլն դոլար: 2013թ. այդ գումարների չափն առանձնապես չի փոխվել. որոշակիորեն ավելացել է ԱԺ-ին հատկացվող գումարը. այս տարի հատկացվել է 3.1 մլրդ դրամ:
Բավական ուշագրավ է, երբ իշխանական մարմիններին հատկացված գումարները դիտում ես ըստ համապատասխան դասակարգման: Օրինակ՝ նախագահական նստավայրի 3.9 մլրդ դրամից մոտ 630 մլն դրամ հատկացվել է աշխատավարձերի, 580 մլն դրամ` գործուղումների եւ շրջագայությունների համար: Խոսուն է շենքերի ու շինությունների հիմնանորոգման համար հատկացված գումարի չափը` 300 մլն դրամ: Նախագահականը 138 մլն դրամ նախորդ տարի ծախսել է տրանսպորտային նյութերի, ասել է թե` բենզինի, 31 մլն դրամ` գրասենյակային նյութերի վրա: 35 մլն դրամ էլ նախագահականին հատկացվել է կենցաղային ու հանրային սննդի համար, նույնքան` տրանսպորտային սարքավորումների համար: Նախագահական նստավայրին շենքերի ու կառույցների ընթացիկ նորոգման ու պահպանման համար հատկացվել է 25, իսկ մեքենաների ու սարքավորումների ընթացիկ նորոգման ու պահպանման համար բյուջեից տրամադրվել է 434 մլն դրամ: Նախագահական նստավայրի էներգիայի համար հատկացվել է 91 մլն, կոմունալ ծառայությունների համար` 11 մլն, կապի ծառայությունների համար` 74 մլն դրամ:
ԱԺ-ին աշխատավարձի համար նախորդ տարի հատկացվել է 1.5 մլրդ դրամ. սա ե՛ւ ԱԺ պատգամավորների, ե՛ւ աշխատակազմի աշխատավարձի գումարն է: ԱԺ գործուղումների համար նախորդ տարի հատկացվել է 350 մլն դրամ: 123 մլն դրամ ԱԺ-ին տրվել է տրանսպորտային նյութերի, 19 մլն դրամ` կենցաղային ու հանրային սննդի, 52 մլն դրամ` գրասենյակային նյութերի ու հանրային սննդի համար: ԱԺ մեքենաների ընթացիկ նորոգման ու պահպանման համար հատկացվել է 8 մլն դրամ, շենքի կապիտալ վերանորոգման համար` 74 մլն դրամ: ԱԺ-ին էներգիայի համար հատկացվել է 133 մլն դրամ, կոմունալ ծառայությունների համար` 32 մլն դրամ, իսկ 128 մլն դրամ էլ խորհրդարանին հատկացվել է կապի ծառայությունների համար:
ՀՀ կառավարությունը եւս բավական մեծ գումարներ է ծախսում. միայն աշխատավարձի համար նախորդ տարի հատկացվել է 539 մլն դրամ: Բացի այդ, կառավարությունը 404 մլն դրամի հավելավճար է տվել իր աշխատակիցներին: Էներգիայի համար հատկացվել է 133 մլն դրամ, կոմունալ ծառայությունների համար` 22 մլն դրամ, իսկ 143 մլն դրամ էլ կառավարությանը հատկացվել է կապի ծառայությունների համար: Ի տարբերություն նախագահականի ու ԱԺ-ի՝ կառավարության գործուղումների ու շրջագայությունների ծախսը քիչ է. բյուջեով հատկացվել է 90 մլն դրամ: Փոխարենը միայն 230 մլն դրամ կառավարությանը հատկացվել է շենք-շինությունների կապիտալ վերանորոգման համար: Նախորդ տարի 16 մլն դրամ կառավարությանը տրվել է մեքենաների ու սարքավորումների ընթացիկ նորոգման ու պահպանման համար, 51 մլն դրամ` գրասենյակային ապրանքների ու հագուստի համար, 180 մլն դրամ` տրանսպորտային նյութերի համար:
Համեմատության համար նշենք, որ 2012թ. ՀՀ պետական բյուջեից սահմանամերձ բնակավայրերի գծով ծախսերը սահմանափակվել են միայն մի քանի պատմամշակութային օբյեկտի վերանորոգման եւ պետական ու մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման շրջանակներում: Ընդհանուր առմամբ, սահմանամերձ բնակավայրերին 2012թ. պետական բյուջեով հատկացվել է 1 մլրդ 936 մլն 880 հազար դրամ: Ասել է թե՝ ԱԺ-ին աշխատավարձի համար հատկացված գումարից մի փոքր ավելի: Եթե նկատի ունենանք, թե ճանապարհների հիմնանորոգման անվան տակ ինչպես են գումարներն «ատկատի» ճանապարհով հայտնվում ոմանց գրպանում, կարելի է ենթադրել, թե սահմանամերձ գյուղերին հատկացված գումարների քանի տոկոսն է իրականում ծախսվում ըստ նշանակության:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս