ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԵՆԱԹԱՆԿԸ «ՇԱՆԹ»-Ն Է
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության ընթացքում 15 հեռուստառադիոընկերություններից ամենաբարձր գինը մեկ րոպեի համար սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը` 120 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ): Հաջորդը «Արմենիա»-ն է` 110 հազար դրամ սակագնով, իսկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը սահմանել է 80.000 դրամ (ներ. ԱԱՀ):

ՁԵՎԱՎՈՐՎԵՑԻՆ
Մայիսի 5-ին ավագանու ընտրությունների անցկացման նպատակով ձեւավորվել է 464 տեղամաս, եւ պետք է ձեւավորվի նույնքան տեղամասային ընտրական հանձնաժողով: ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի 206-ական հանձնաժողովի նախագահով եւ նույնքան քարտուղարով, ԲՀԿ-ն` 144 նախագահ, նույնքան քարտուղար, ՀԱԿ-ը կունենա 36 նախագահ, նույնքան քարտուղար, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը կունենան 26 նախագահ, նույնքան քարտուղար:

ԱՐԴՅՈՔ ԿՕԳՆԻ
«Րաֆֆի Հովհաննիսյանն ունի իր քաղաքական մշակույթը պայքարի, համաձայն լինենք, թե չլինենք, պետք է հարգենք, ես ողջունում եմ, որ նա դուրս եկավ հացադուլից, այդ բոլորը, ես կարծում եմ, որ կօգնի շարժմանը, որպեսզի այն գնա դեպի ինքնակազմակերպում եւ նաեւ դեպի ժողովրդին ավելի հուսադրում»,-երեկ Ազատության հրապարակում ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սէֆիլյանը:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԱՂԱԼԻՔ ՉԷ
«Ընտրություններից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը կկարողանա երդում տալ եւ դրան զուգահեռ հացադուլ հայտարարեց: Սկզբում հայտարարվեց, որ հացադուլը քաղաքական պայքարի ձեւ է, ծոմ չէ, իսկ երբ հացադուլից դուրս եկավ, հայտարարեց, որ դա ծոմ էր եւ որպես քրիստոնյա է կատարում այդ քայլը: Այստեղ հակասական ինքնագնահատականներ էին, սակայն դա միակ հակասական մոտեցումը չէ, որ ցուցաբերել է Րաֆֆի Հովհաննիսյանը,-երեկ նշել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` նկատելով,-ժողովուրդը խաղալիք չէ, որ երբ ցանկանաս՝ ասես «ֆու», երբ ցանկանաս՝ ասես «ֆաս»: Ժողովուրդն ունի ինքնասիրություն: Եթե ասում ենք, որ ջրբաժանը կա ու կա, եւ ժողովրդին ժամանակավորապես տուն ենք ուղարկում, նշանակում է, որ ժողովուրդը կգնա տուն ու այլեւս չի վերադառնա»:

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը դեռ չի որոշել՝ արդյոք մասնակցելու է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված երդմնակալությանը, թե ոչ: ՀՅԴ-ն նաեւ չունի որոշում նույն օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալությանն իրենց մասնակցության վերաբերյալ:

ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԱԾ-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ Արամ Հակոբյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

ՍՏՈՒԳԵԼ ԵՆ «ՆԱԻՐԻՏ»-Ը
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ում իրականացրել է համալիր ստուգում` գնահատելու համար ընկերության 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված տվյալների արժանահավատությունը: Ստուգման արդյունքներով` 2011թ.  սեպտեմբերի 6-ին կազմվել է թիվ 29-Ա ակտը, որի մեջ ներառված են  առեւտրային գաղտնիք պարունակող փաստեր, ուստի նախարարությունից առայժմ ստուգմամբ արձանագրված փաստերի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում:




Լրահոս