ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը փորձում է ամեն կերպ ճնշում գործադրել իր մահացած որդու կնոջ` Տաթեւիկ Թովմասյանի նկատմամբ՝ նրանից խլելով ամուսնու ողջ ունեցվածքը:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Տաթեւիկի խոսքով՝ իր հայրը` Գեորգի Թովմասյանը, եւ իր սկեսրայրը՝ Վահրամ Աբրահամյանը, ընկերություն են արել. «Ամուսնուս` Արթուրի եղբայրը ծառայում էր Արարատում, եւ քանի որ մենք Արարատից էինք, հայրս «տիրություն» էր անում նրան ծառայության ընթացքում: Եվ այդպես մտերմություն էր առաջացել երկու ընտանիքների միջեւ»:
Նրա խոսքով` այդ ընկերության արդյունքում երկու ընտանիքների միջեւ նպատակային ամուսնություն է տեղի ունեցել: Տաթեւիկը եւ Արթուրն ամուսնացել են. «Մայրս քաղցկեղով հիվանդ էր եւ մահացավ: Քանի որ հայրս էլ ամուսնանալու մտադրություն չուներ, սկեսրայրիս առաջարկով տեղափոխվեցինք հայրիկիս մոտ ապրելու»:
Տաթեւիկի պատմելով` իրենք շատ համերաշխ ընտանիք են եղել եւ ոչ մի խնդիր չեն ունեցել: «Ամուսինս` Արթուրը, 2011թ. հունիսի 4-ին դժբախտ պատահարի հետեւանքով Արարատ-Երեւան ավտոճանապարհին ավտովթարի է ենթարկվել ու մահացել, եւ այդ ամենից հետո մեր երկու ընտանիքների միջեւ սկսվել են շատ տհաճ խոսակցություններ»: Արթուրի հայրը՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը՝ Տաթեւիկի սկեսրայրը, անընդհատ ակնարկներ է արել, թե ով իր տղայի մահվան պատճառ է եղել, պետք է պատասխան տա: Ասել է թե՝ խնամին խնամուն մեղադրել է փեսա Արթուրի մահվան մեջ՝ չներկայացնելով որեւէ կոնկրետ դրդապատճառ ու փաստ:
«Իմ հայրը որբ է մեծացել եւ կին է կորցրել, նա ինչպե՞ս կարող էր ցանկանալ իր փեսայի մահը, որ իր աղջիկն էլ որբ երեխա մեծացներ: Ինչպե՞ս կարող են նման բան մտածել: Ասեմ, որ իմ հայրն ու ամուսինս շատ լավ հարաբերությունների մեջ են եղել,-պատմեց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, թե իրավական ինչ գործընթացներ են ծավալվել իր ամուսնու մահից հետո:-Ամուսնուս մահից հետո քննիչներն անընդհատ մեզ կանչում էին: Հորաքրոջս տղային ոստիկանությունում քննիչն ասել էր, թե մի երկու չափալաղ տանք, ամեն ինչ կասի: Կգրի, թե իբր իմ հայրն ամուսնուս հետ կռվել է, եւ Արթուրը տանից փախել է, ու արդյունքում էլ տեղի է ունեցել այդ դժբախտ դեպքը: Բայց հայրս չխառնվեց եւ հանգիստ ասաց, որ թող ոստիկաններն ապացուցեն՝ ինչ է կատարվել: Ու թեեւ մենք հասկացանք, որ իմ սկեսրայրը ճնշումներ է բանեցրել քննիչների վրա, հասկացանք նրա ակնարկների իմաստը, երբ ասում էր, թե պետք է պատասխան տան, այնուամենայնիվ, ճշմարտությունը բացահայտվեց: Ոստիկանությունը հաստատեց, որ նման բան չի եղել: Բայց սկեսրայրս մինչեւ հիմա հորս է մեղադրում ամուսնուս մահվան մեջ»:
Բայց սա խնամիների փոխհարաբերությունների միակ թնջուկը չէ: Երբ Վահրամ Աբրահամյանը հասկացել է, որ խնամուն իր որդու սպանության մեջ մեղադրելը չի ստացվում, անցել է որդու ունեցվածքի վերաբաշխման խնդրին: «Այսօր Արթուրի հոր քայլերից հասկանալի է դառնում, որ նրա նպատակը մեկն է. ամեն ինչ անել, որ խզվեն մեր ընտանիքի հետ ամեն տեսակի հարաբերությունները, որպեսզի վերցնեն այն ունեցվածքը, ինչն ինձ, Արթուրին ու մեր միակ աղջկան է պատկանում»,-նշեց Տաթեւիկը: Մինչդեռ Արթուրի մահվան հենց առաջին օրերից, ըստ Տաթեւիկի, իր հայրն ասել է, թե «կգնաս, քո սկեսուրին եւ սկեսրայրին կասես՝ ինչ փաստաթուղթ ուզում եք՝ կստորագրեմ, քանի որ մեզ իրենցից ոչինչ պետք չէ: Մենք ոչ մի բանի կարիք չունենք»:
Բայց մինչ բանը կհասներ ինքնակամ ստորագրություն տալուն, դժբախտացած աղջկա եւ նրա հոր հեռախոսահամարներին հաղորդագրություն է եկել այսպիսի բովանդակությամբ. «Արյունը արյունով եք փոխհատուցելու»: Այսինքն՝ հարաբերությունները մտել են թշնամական դաշտ՝ ուղղորդված դատական տարաբնույթ հայցերով:
Չարենցավանի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ. նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել, որ ավտովթարից զոհված Արթուրի մահից հետո նրա ունեցվածքը պետք է բաժին հասնի ոչ թե միակ ժառանգորդ աղջկան, այլ հորն ու մորը: Հասկանալի է, որ այս վճռի հետեւում կանգնած է ոչ միայն ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը, այլեւ նրա անմիջական ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, որը բացահայտ կանգնած է աշխատակցի թիկունքին: Ու թեեւ Տաթեւիկի ընտանիքը սույն վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում, այնուամենայնիվ, դատելով Հ. Հովսեփյանի գործունեության ակտիվությունից՝ կարելի է ենթադրել, թե ինչ ելք կունենա վճռի բողոքարկման գործընթացը:
Սակայն Տաթեւիկը, որ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր եկել, այս պահին ընդամենը մեկ խնդրանք ունի դատարանից. այնպես անել, որ իր միակ դուստրը, որին դատարանի վճռով ամուսնու հարազատներն իրավունք ունեն շաբաթը մեկ անգամ տեսնել, չգիշերի Աբրահամյանների ընտանիքում: «Ամբողջ օրը թող մնա նրանց հետ, երեկոյան վերադառնա տուն: Աղջիկս ալերգիկ է, նրա համար հատուկ սննդակարգ կա, որին չհետեւելու դեպքում երեխայի մաշկը կարմրում է: Ու ամեն անգամ ամուսնուս հոր տանից գալուց հետո ես նրան բժշկի եմ տանում»,-նկարագրեց Տաթեւիկը՝ դատարաններից խնդրելով գոնե այս հարցում աջակցել իրենց:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ Վահրամ Աբրահամյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե չի կարող խոսել, քանի որ մեռելոց է: Խնդրեցինք անգամ մի փոքր ուշ զանգահարել, սակայն էլի մերժեց:
Հուսանք` իրավահավասարության մասին պարբերաբար դասախոսությունների նմանվող ելույթներ ունեցող Սերժ Սարգսյանը իր «քթի տակ» գտնվող վերահսկողական ծառայության ղեկավարի ու աշխատակցի «սանձերը կձգի», որպեսզի պաշտոնը չօգտագործեն անձնական խնդիրները լուծելու համար:
ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ՊԵՏԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԹԵԼԱԴՐՈ՞ՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ