ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՅՈՒՋԵՆ ՏՆՏԵՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) ստացած տեղեկատվության համաձայն` 2012թ. դրությամբ ՀՀ-ում հաշվառված է շաքարային դիաբետով տառապող 57.740 հիվանդ, որոնցից 12.229-ը ինսուլինակախյալ է (ինսուլին+դեղահաբ): «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որքանով է ՀՀ ԱՆ-ն անխափան իրականացնում շաքարախտով հիվանդներին անհրաժեշտ ինսուլինի տրամադրումը:
Ինչպես հայտնի է, շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար նախատեսված հակադիաբետիկ դեղերն ընդգրկված են պետության կողմից կենտրոնացված կարգով գնվող ու համապատասխան հիվանդներին անվճար հատկացվող դեղերի ցանկում: Խմբագրության ստացած ահազանգերը մեզ դրդեցին հետաքրքրվել, թե վերջին անգամ ինսուլինի ներկրման մրցույթը երբ եւ որ ընկերություններն են շահել, Հայաստանն այս պահին արդյոք ապահովված է ինսուլինով, եթե այո, քանի սրվակ (բաժին) է պահեստավորված, առկա պաշարը դրա կարիքն ունեցող հիվանդներին մինչեւ երբ կբավականացնի, եւ, ի վերջո,  հիվանդները կարողանում են այն ժամանակին ու անհրաժեշտ քանակով ստանալ: Այս հարցաշարով մենք գրավոր դիմեցինք ՀՀ ԱՆ: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ ինսուլինի ձեռք բերման համար գնման ընթացակարգ վերջին անգամ կայացել է 2013թ. հունվարի 30-ին, որի ժամանակ հաղթող է ճանաչվել «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն: Վերջինիս հետ 1-ին կիսամյակի համար 83.512 ինսուլինային սրվակի ձեռք բերման պայմանագիր է կնքվել: ԱՆ 2013թ. կարիքների համար 1-ին կիսամյակի մրցույթի արդյունքներով կնքված պայմանագրի համաձայն` «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը 2013թ. 1-ին եռամսյակի ամբողջ խմբաքանակի (41.756 ինսուլինային սրվակ) մատակարարումն ավարտվել է մարտի 22-ին:    
Վերոնշյալ պատասխանն արդեն իսկ վկայում է, որ գնման ընթացակարգը կայացել է ուշացումով` 2013թ. հունվարի 30-ին, մինչդեռ շաքարային դիաբետով հիվանդները չեն կարող մոտ մեկ ամիս սպասել, մինչեւ իրենց համար կենսական կարեւորության այդ դեղամիջոցը ձեռք կբերվի: Այս դեպքում, իհարկե, չենք կարող մտածել, որ 2012թ.-ից բավականաչափ մնացորդներ են եղել, դրա համար էլ ինսուլինի գնման ընթացակարգը հունվարի 30-ին է կայացել: Փաստերը վկայում են, որ ՀՀ տարբեր բուժհաստատություններում այս տարվա ընթացքում գրանցվել են ինսուլինի բացակայության եւ անբավարարության  դեպքեր:  Օրինակ՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի կազմում գտնվող պոլիկլինիկան 2013թ. հունվարին չի ունեցել ինսուլին, փետրվարին դեղամիջոցի անբավարարության հետ կապված խնդիրներ են եղել նաեւ Տավուշի մարզում: Բացի այդ, տարվա սկզբում ինսուլինի մատակարարման ընդհատումներ են գրանցվել Կոտայքի մարզում:
Ավելին, ոչ միայն գնման ընթացակարգն է ուշացումով կայացել, այլեւ մատակարարումը կամ բաշխումն էլ է ուշ սկսվել: Չնայած ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի պատասխանին, որ «մրցույթում հաղթած «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն 2013թ. առաջին եռամսյակի համար նախատեսված խմբաքանակը մատակարարել է ՀՀ առողջապահության նախարարությանը` համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակացույցի, որը եւ անմիջապես հատկացվել է ՀՀ բժշկական հաստատություններին եւ ՀՀ մարզերին», փաստն այն է, որ Կոտայքի մարզում ստացված ինսուլինի պաշարը բավականացրել է մինչեւ մարտի 1-ը, սակայն հաջորդ բաշխումը կատարվել է մարտի 22-ին: Ինչո՞ւ է ուշացել:
Սուրեն Քրմոյանի պատասխանում նշված է. «Ներկայում ՀՀ բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են կարճատեւ ազդեցության, միջին ազդեցության եւ 30/70 կարճատեւ ու միջին ազդեցության ինսուլին դեղերով: ՀՀ առողջապահության նախարարության կողմից բաշխված ինսուլին դեղի քանակները կբավականացնեն մինչեւ ս. թ. մայիսի 15-ը: Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում պահեստավորված է անհրաժեշտ քանակի ինսուլին»: Թե որքան է նշված ՊՈԱԿ-ում պահեստավորված ինսուլինի քանակը եւ մինչեւ երբ կբավականացնի, պատասխանում նշված չէ: Բացի այդ, անհասկանալի է, թե 2013թ. 1-ին եռամսյակի համար մատակարարված եւ ԱՆ-ի կողմից բաշխված ինսուլինն ինչպես կարող է բավականացնել մինչեւ ս. թ. մայիսի 15-ը, եթե այն հիվանդներին տրվի նախատեսված անհրաժեշտ  քանակով:
ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրել է, որ դեղերի մատակարարման անընդհատությունն ապահովելու նպատակով 2-րդ եռամսյակի համար անհրաժեշտ խմբաքանակը, որը կբավականացնի ինսուլինակախյալ հիվանդներին մինչեւ ս. թ. հուլիսը ներառյալ,  նախատեսվում է մատակարարել մինչեւ 2013թ. ապրիլի 21-ը: Ըստ պրն. Քրմոյանի՝ «ինսուլինակախյալ հիվանդները ներկայում իրենց անհրաժեշտ ինսուլին դեղը ստանում են առանց որեւէ խափանման», իսկ 2013թ. 2-րդ կիսամյակի դեղերի գնման մրցույթը կկազմակերպվի մոտակա մեկ ամսվա ընթացքում:
Նշենք, որ Դերենիկ Դումանյանը նախարար նշանակվելուց հետո որոշեց ոլորտում տնտեսումներ անել հենց շաքարային դիաբետով հիվանդների առողջության հաշվին` գնելով առաջարկված ամենաէժան ու ոչ այդքան արդյունավետ դեղերը:

շարունակելի
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս