Առաջին ալիքն ընդհանրապես հետաքրքրություն չի ցուցաբերել 2 քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, ինչպես և կարգն է, նախորդում է քարոզարշավ: Դրա պաշտոնական մեկնարկն ազդարարվել է հոկտեմբերի 10-ին: Սակայն որոշ հեռարձակողներ և քաղաքական ուժեր առանձնապես անհամբեր չեն սպասել այս մեկնարկին. նրանք երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների շուրջ բանավեճի մեջ ներքաշվել են միայն նոյեմբերի 6-ից սկսած, երբ նախատեսված էր հեռարձակող լրատվամիջոցներում հանրաքվեի քարոզչության վճարովի և անվճար եթեր տրամադրել խորհրդարանական խմբակցություններին:

Հայաստանի համազգային հեռուստաալիքներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեին նախորդող քարոզչության լուսաբանման մոնիտորինգը, որն իրականացվում է Երևանի մամուլի ակումբի կողմից, ներկայացնում է առայժմ միայն 11 օրվա արդյունք՝ 2015թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի համար: Եվ մի քիչ վաղ է հեռուն գնացող եզրակացություններ անել հետազոտվող հեռուստաալիքների կողմից քարոզչության լուսաբանման մասին, սակայն արդեն ուրվագծվում են լուսաբանման որոշակի միտումներ, որոնց արմատները քիչ ավելի խորն են, քան քարոզչության համար նախատեսված ժամկետների ազդարարումը:

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների շուրջ բանավեճը հիմնականում կենտրոնացած էր կառավարման նախագահական (կամ կիսանախագահական) ձևից խորհրդարանական հանրապետության անցման նախաձեռնության վրա»,- փաստում է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի լուսաբանման մոնիտորինգի միջանկյալ հաշվետվությունը:

Որպես այս միտումի՝ «միտումնավոր» լինելու փաստարկ, հաշվետվությունը բերում է այն փաստը, որ ՀՀ քաղաքացիներին առաջարկվել է քվեարկել ամբողջական տեքստի համար և ոչ՝ նախագծի տարբեր դրույթների համար առանձին: Եվ չի բացառվում, որ նման դեպքում ՀՀ քաղաքացիները տարբերակված վերաբերմունք կցուցաբերեին տարբեր դրույթների նկատմամբ: Հանգամանք, որ ինքնին նվազեցնում է նախագծի մնացած բոլոր՝ պետական իշխանության համակարգի փոփոխության հետ անմիջական կապ չունեցող թեմաների նկատմամբ հետաքրքրությունը:

Հանրաքվեի քարոզչության սկիզբը նշանավորվեց ոչ բովանդակային մեկ այլ դիսկուրսով, որն ինչ-որ տեղ շեղեց հանրության ուշադրությունը առավել բովանդակային քննարկումներից. «չարաբաստիկ» նույնականացման քարտերով քվեարկության թույլատրելու շուրջ: Եվ ստացվել է այնպես, որ մոնիտորինգի ենթարկված լրատվամիջոցներում Հանրաքվեն հիմնականւոմ հիշատակվել է հենց այս կապակցությամբ:

«Այլ կերպ ասած, քարոզչության սկզբնական փուլը ավելի շուտ ընդհանուր քաղաքական կողմնորոշումներ էր արտացոլում, քան Հիմնական օրենքի փոփոխությունների բովանդակության նկատմամբ վերաբերմունք»,- ընդհանրացնում է Հաշվետվությունը:

Հատկանշական է, որ կան հեռուստաալիքներ, որոնք թեև հաճախակի անդրադառնում են Հանրաքվեի թեմային, սակայն դա նրանց եթերում առկայծումների ձևով է տեղի ունենում. այդ թեմային հատկացվող եթերաժամանակը հանրագումարի բերելիս, մի փոքրիկ տոկոս է ստացվում: Սա վկայում է, որ քարոզարշավի առնվազն սկզբնական փուլում այս հեռարձակողները էական, խորքային բանավեճի մեջ կամ ընդհանրապես չեն մտել, կամ՝ խիստ սահմանափակ:

Մոնիտորինգը բացահայտումներ կատարում է ոչ միայն Հանրաքվեի քարոզարշավի բովանդակային գաղտնիքներից, այլ նաև՝ դերակատարների՝ «սիրված» լինել-չլինելու առումով:

ՀՀ «Հանրաքվեի մասին» նորացված օրենքով խորհրդարանական վեց խմբակցություններից որպես ԶԼՄ-ներում քարոզչության հիմնական սուբյեկտ առաձնացված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ), «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիրը», «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը»: Հետազոտված հաղորդումները հենց այս հերթականությամբ էլ առավել հաճախ են անդրադարձել համապատասխան կուսակցությունների ներկայացուցիչներին:

Մոնիտորինգի մեկ այլ ուշագրով բացահայտում. հասարակական կազմակերպությունները, փորձագետները, ոչ ֆորմալ քաղաքացիական ակտիվիստները, ի տարբերություն, անշուշտ որոշակի վերապահումներով, ՀՀ Ազգային Ժողովում ներկայացված խորհրդարանական խմբակցությունների/կուսակցությունների, շատ ավելի «քիչ են սիրված եղել» հեռարձակողների կողմից: Իսկ որոշների կողմից ի սպառ անտեսված են եղել վերոհիշյալ ժամանակահատվածում:

Իսկ հիմա դաժան ճշմարտությունը. «Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքն ընդհանրապես հետաքրքրություն չի ցուցաբերել այն երկու քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ, որոնք ի հայտ են եկել հենց Սահմանադրության փոփոխությունների համատեքստում («Չեք անցկացնի» և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ)»:

Այս համատեքստում նույնիսկ արդեն զարմանալի էլ չէ, որ մի քանի հեռուսատեսությունների եթերում այդպես էլ չեն երևացել անկախ պատգամավորները և ոչ խորհրդարանական կուսակցությունները:

Ծայրահեղացված, ոչ հավասարակշիռ քննարկումների, միակողմանի մոտեցումների տեսության օգտին է այն բացահայտումը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի և դրա հնարավոր ընդունման նկատմամբ դրական վերաբերմունք արտահայտել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ներկայացուցիչները, իսկ բացասական ՝ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները: Եվ դարձյալ ոչ մի տարբերակում երկրի հիմնական օրենքի փոփոխությունների նախագծի տարբեր դրույթների նկատմամբ: Երևի այս հատվածը պետք էր վերնագրել՝ ինչպես և սպասելի էր:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չեն սիրում և այդ մասին զանազան եթերներում արտահայտվում են ՀԿ-ներ/փորձագետներ/ոչ ֆորմալ ակտիվիստներ խմբի ներկայացուցիչները:

Իսկ ընդհանրապես մոնիտորինգի այս ժամանակահատվածի ամենալուսավոր կետը լրագրողական համայնքի համար կարող է լինել այն, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից թեմային անդրադարձերը ծայրահեղ հազվադեպ և եթերային ժամանակի տեսանկյունից ընդգծված սահմանափակ են եղել, և դրանցում արտահայտությունների նշանային բնութագրիչներն իսպառ բացակայել են:

Լավատեսական այս մեղրի գդալը հավանաբար չի կարող քաղցրացնել ձյութի տակառի դառնությունը, քանի որ նույնիսկ 11 օրվա մոնիտորնգը թույլ է տալիս նախնական եզրակացություն կատարել այն մասին, որ հանրաքվեի քարոզչության օրենսդրական-նորմատիվային կարգավորումը հետագա կատարելագործման կարիք ունի: Ինչը թերևս առավել ցայտուն կերևա առաջիկայում:




Լրահոս