Ապրիլի 1-ն ընդունված է համարել ծիծաղի եւ հումորի համաշխարհային օր, մենք այն անվանում ենք խաբելու օր, հիմարների տոն եւ այլն: Հետաքրքիր է, թե ինչպես են ընկալում այս օրը հումորիստները, եւ ինչ է նրանց համար հումորն առհասարակ:
Հումորիստ, դերասան ԱՐՄԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ համար ապրիլի մեկը կրկնակի տոն է, որովհետեւ այդ օրը ծնվել է նրա դուստրը. «8 տարի առաջ հենց ապրիլի 1-ին է ծնվել աղջիկս: Շատ լավ եմ հիշում այդ օրը, «Նորութույններ» հաղորդումն էինք նկարում, ես ասացի՝ չեմ գալիս նկարահանման, իմ էրեխեն ծնվում ա: Գիտեք չէ՞, ոչ ոք չհավատաց»:
Արմենի խոսքով, երբ որեւէ մեկն անմիջական կապ ունի հումորի հետ, այդ օրը նրա համար առանձնահատուկ չէ, որովհետեւ տարվա մեջ միայն մեկ օր չէ, որ նա կատակում է: Արմենը չհիշեց նաեւ որեւէ դեպք, երբ վերջին տարիներին իրեն խաբած լինեն կամ էլ ինքը որեւէ մեկին խաբի հենց ապրիլի 1-ին: Իսկ վերջին անգամ հումորիստը լիաթոք ծիծաղել է իր ծննդյան օրը, երբ երեխաներն իրեն պատկերել են մատիտով ու ջրաներկով:
Հարցին, թե ինչ զավեշտալի դեպք կհիշի, Արմենը պատասխանեց, որ դա հումորիստների չսիրած հարցերի շարքին է դասվում, քանի որ հենց այդ պահին իրենք մոռանում են բոլոր ուրախ պատահարներն ու անեկդոտները: Այնուամենայնիվ, Արմենը հորդորեց շատ հարցերի հումորով վերաբերել, որպեսզի կյանքն ավելի թեթեւ անցնի. «Պետք չէ ամեն ինչ ծանրացնել, նայած ինչ հարց է ու իրավիճակ: Հումորը պետք է մշտապես մարդուն ուղեկցի, հավատացե՛ք, այն օգնում է շատ հարցերում: Մի ավելացում եւս, եթե դուք չգիտեք որեւէ հարցի պատասխան, պարզապես ժպտացե՛ք: Իզուր չեն ասում, որ հումորը երկարացնում է մարդու կյանքը: Ինչ վերաբերվում է մեր ազգին, ասեմ, որ հայերը շատ հումորով են: Շնորհավորում եմ մեր ժողովրդին, ուզում եմ բոլորս ժպտանք, լինենք ավելի ուրախ: Երբ դիմացինը քեզ ժպտում է, դրական լիցքեր է հաղորդում: Թող մարդիկ իրար հաճախակի բարի խոսքեր ասեն, իսկ եթե խաբում են, ապա թող միայն ապրիլի 1-ին խաբեն»:
Հումորիստ, դերասան ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս կարծում է, որ մարդ չի կարող առանց հումորի ապրել, այն էլ Հայաստանում. «Երբ թեթեւ ես նայում հարցերին, ավելի հեշտ ես ընկալում խնդիրը»: Անդրանիկի համար հումորը կյանք է:
Դերասանը կեսկատակ-կեսլուրջ նաեւ ասաց. «Ես գիտեի, թե ապրիլի 1-ը յուբկա բարձրացնելու, կոճակ պոկելու, խաբելու օր է: Բայց մեր երկրում ստի օրն ամեն օր է: Չեմ հիշում՝ ինձ վերջին անգամ ով է խաբել: Չար կատակի սիրահար չեմ, ինձ հետ էլ չեն անում, գիտեն, եթե անեն, սրտից թույլ մարդ եմ, կարող ա տեղում մնամ»: Անդրանիկի խոսքով` հումոր անելիս ինքն ուշադիր է ու զգույշ, եթե չեն հասկանում, իրենց մեղքն է: Դերասանը հավաստիացրեց, որ իրականում ինքը լուրջ մարդ է, կատակ անում է միայն նախագծերում, ընկերական շրջապատում:
Անդոն խոստովանեց, որ իր համար ամենատհաճ երեւույթներից մեկն այն է, երբ իրեն դրսում տեսնում ու խնդրում են որեւէ անեկդոտ պատմել. «Չնայած հիմա այդ երեւույթը հազվադեպ է լինում, ավելի շատ սոցցանցերում են գրում` Անդո՛ ջան, մի հատ անեկդոտ կպատմե՞ս: Ինձ համար դա անսովոր երեւույթ է: Մեկ էլ նյարդայնանում եմ, որ այդ նույն սոցցանցերով լինք են ուղարկում ու ասում՝ մի հատ լայք կտա՞ք: Օրինակի համար ինչի՞ ես պետք է լայք սեղմեմ մի կազմակերպության, եթե նա ոչինչ չի արել ինձ համար»:
Դերասանին հաճախ ուրախացնում է դուստրը, որն ամեն օր մի հետաքրքիր բան է անում: Անդոն մտաբերեց, թե վերջին անգամ ինչի վրա է շատ ծիծաղել. «Երեկ նայեցի «Կարգին սերիալ»-ը, մի դրվագ կար, որ Մկոն Ջեմմային ու Արամիկին ասում է` հո դուք Անդոն ու Ռաֆոն չեք, առավոտից իրիկուն իրար հետ եք: Մի ֆիլմ էլ կա, որ ամիսը մեկ պարբերաբար նայում եմ ու ծիծաղում` «Մենք ենք, մեր սարերն» է: Անգիր գիտեմ բոլոր նախադասությունները, կարող եմ ասել՝ որ դրվագից հետո որն է գալիս: Իսկ այսօրվա հումորային ֆիլմերից «Ալա Բալա Նիցա»-ն եմ շատ սիրում»:
Հումորիստը հայ ազգին մաղթեց «լիքը ժպիտներ, բարեկեցիկ կյանք, թեթեւություն» եւ հավելեց. «Հումորը ճիշտ բան է, այն մեծ դեր է խաղում յուրաքանչյուրիս կյանքում»:
«ՀՈՒՄՈՐԸ ՃԻՇՏ ԲԱՆ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ