ՍՊԱՆԵԼ Է ՔՐՈՋԸ
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը գրում է, որ Ադրբեջանի Տերտեր քաղաքում եղբայրը սպանել է քրոջը: Նրանց միջեւ դեռեւս անհայտ պատճառներով վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում եղբայրը դանակի հարվածներ է հասցրել քրոջը, աղջիկը տեղում մահացել է: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Փարիզի ոստիկանությունն Էյֆելյան աշտարակից դուրս է բերել 1400 զբոսաշրջիկներին այն բանից հետո, երբ անհայտ անձը զանգահարել ու ասել է, որ աշտարակի վրա ռումբ կա: Հուշարձանը մանրազնին ստուգելուց հետո աշտարակը կրկին բացվել է: Այստեղ են բերվել ռումբ որոնող հատուկ վարժեցված շներ, որոնք կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել:
ԱԿՈՒՄԲ` ԲԱՆՏՈՒՄ
«Վենեսուելայի բանտերից մեկում, որը գտնվում է Մարգարիտա կղզու վրա, բանտարկյալները գիշերային ակումբ են բացել` երաժշտությամբ եւ մերկապարուհիներով»,-գրում է խպվՑՈ-ն: Ակումբի բացմանը ներկա են եղել բանտարկյալների բարեկամները եւ ծանոթները: Այնտեղ տեղադրվել են օդափոխիչներ, ինչպես նաեւ երաժշտական եւ լուսային թանկարժեք սարքավորումներ: Վենեսուելայի բանտերի հարցերով նախարարության անանուն աղբյուրները հաստատել են տեղեկությունը:
ԾԵԾԿՌՏՈՒՔ
Մոսկվայի կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ դաղստանցիների միջեւ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել գիշերը «Շարմանկա» ռեստորանի մոտ երեք դաղստանցիների եւ տասը հայերի միջեւ: Այդ ընթացքում տրավմատիկ զենքից վիրավորվել է երեք հայ՝ 26, 41 եւ 44 տարեկան: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք Հայաստանի քաղաքացիներ են: Ծեծկռտուքի մյուս մասնակիցները փախուստի են դիմել: Միջոցառումներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է
Մերձմոսկովյան Դմիտրովյան շրջանում հացի փռի հայ սեփականատիրոջը դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման: Ռաֆիկ Մարգարյանին մեղավոր են ճանաչել հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, ինչը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան: Նա 2010-ին Հայաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներին օգնել է անօրինական ճանապարհով հասնել ՌԴ եւ իր հացի փռում աշխատանքի տեղավորել: Սակայն 2012-ին գազի երեք բալոն պայթել է: Աշխատակիցներից 2-ը մահացել են տեղում, իսկ վեցը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: