ՀԱՐՑ. Ես ուզում եմ մոտակա ժամանակաշրջանում բացել առեւտրի փոքրիկ կետ (բանջարեղենի կրպակ) հենց մեր բակում: Դրա համար արտոնագիր պարտադիր պե՞տք է: Կցանկանայի իմանալ նաեւ, թե որքան է կազմում պետական տուրքի գումարը:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Առեւտրի իրականացման վայրի կազմակերպում» գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի հազարապատիկի չափով,
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի հինգհարյուրապատիկի չափով,
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի երեքհարյուրապատիկի չափով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ոչինչ չի վրիպում հարկային ծառայության ուշադրությունից, ու անգամ այն քաղաքացիները, որոնք պատրաստվում են բանջարեղենի մի փոքրիկ կրպակ բացել, նույնպես չեն կարող խուսափել պետության կողմից արտոնագրման համար սահմանված հարկերից ու պետտուրքից: Ափսոս, որ հարկային ծառայությունը նույնքան ուշադիր չէ խոշոր բիզնեսի` ստվերում գտնվող բազմամիլիոնանոց շրջանառությունը հարկելու հարցում: