«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջև», և հենց նրանք պետք է ապահովեն անհրաժեշտ թվով այո-ները։
Պատգամավորներն էլ առանձնակի եռանդով «լծվել են աշխատանքի», քանի որ նրանց բաց տեքստով ասվել է, որ իրենց ապագա ճակատագիրը կախված է հանրաքվեի արդյունքներից։ «Բաժանումների» արդյունքում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ տարածք է բաժին հասել, ինչի արդյունքում տեղի իշխանական վերնախավի շրջանում արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա եկող տարվա սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի լինի իշխանության թեկնածուն։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս երկու տեղամաս է «բաժին հասել», որ պարապ չմնա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։