Հայաստանը՝ նոր ընտրության առջև. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատում հանդես է եկել բավական ծավալուն, ծրագրային ելույթով, որում ներկայացրել է իր գործունեության հիմնական ուղղությունները:

Դա, ի դեպ, վերջին մեկ ամսվա ընթացքում Միլսի երկրորդ ծրագրային ելույթն էր, դրանից առաջ նա կրկին ծավալուն հարցազրույց էր տվել «Ազատություն» ռ/կ-ին, որում Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ նրա արտահայտած մտքերը սկանդալային արձագանքի արժանացան ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից: Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատում ունեցած ելույթում Միլսն ասում է, որ իր գործունեության հիմնական ուղղությունները լինելու են հայ-ամերիկյան առեւտրատնտեսական կապերի խորացումը, աջակցությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքարին, քաղաքացիական հասարակության կայացումը եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

«Նախքան Երեւան ուղեւորվելս՝ նախագահ Օբաման ու պետքարտուղար Քերին ինձ հետեւյալ ուղերձը փոխանցեցին. Հայաստանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների կառավարության գլխավոր նպատակը ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ ու հարեւանների հետ խաղաղ համագոյակցող Հայաստանն է»,- ասել է Ռ. Միլսը: Հայաստանում ռուսական ագենտուրան ու ռուսական քարոզչությունը, իհարկե, առաջիկայում համապատասխան միջոցները կգտնեն ԱՄՆ-ի դեսպանին «արժանի հակահարված» հասցնելու համար, հայ հասարակությանը կհամոզեն, որ սա ամերիկյան ստոր քաղաքականության կեղծավոր ու դավադիր ոճն է, որ դեսպանի այս հայտարարությունների տակ իրականում թաքնված են այլ՝ Հայաստանն այլասերված արեւմտյան արժեքներով ողողելու նպատակներ, եւ այլն (մեր ջերմ ողջույններն Աշոտ Մանուչարյանին):

Իրականում, սակայն, Միլսի հայտարարությունների տակ ոչ թե թաքնված են, այլ դրանցում արտահայտվում է Հայաստանն իսկապես զարգացած ու ժողովրդավարական երկիր տեսնելու՝ ամերիկյան դիրքորոշումը, որը գուցեեւ այլ՝ ավելի մեծ աշխարհաքաղաքական ծրագրի, երկարաժամկետ ինչ-որ սցենարի մաս է կազմում:

Ավելի պարզ ասած, ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է իր առարկայական օգնությունը՝ նորմալ երկիր դառնալու հարցում: Թե ինչու է առաջարկում, այլ հարց է: Մեզ համար կարեւոր է պատասխանել մեկ այլ հարցի՝ իսկ մենք ցանկանո՞ւմ ենք իրապես ժողովրդավարական պետություն դառնալ: Եթե ցանկանում ենք, ուրեմն պետք է բոլոր հնարավոր միջոցներով օգտվել այս օգնությունից:

Եթե չենք ցանկանում, կարող ենք շարունակել ռուսական ծայրագավառի մեր կյանքը: 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում արմատապես փոխեց արտաքին քաղաքական ուղղվածությունը, մեկ գիշերվա ընթացքում միջազգային հանրության համար դարձավ, մեղմ ասած, ոչ վստահելի, անհուսալի գործընկեր: Սակայն Արեւմուտքը Հայաստանի այդ քայլին արձագանքեց ոչ թե համարժեքորեն՝ «երես թեքելով», այլ նոր իրողություններում ՀՀ-ին կրկին քաղաքակիրթ աշխարհից չկտրվելու հնարավորություն տալով: Կրկնում ենք, գուցե դա առաջին հերթին՝ անհրաժեշտ է ԱՄՆ-ին ու Եվրոպային՝ սեփական շահերի ու քաղաքականության, եւ ոչ թե՝ «մեր սիրուն աչքերի» համար: Սակայն օբյեկտիվորեն ստեղծվել է իրավիճակ, երբ այդ շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Հայաստանի՝ կայացած ու ժողովրդավարական երկիր դառնալու շահերին:

Այն դեպքում, երբ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի շահերին Հայաստանի՝ ժողովրդավարական երկիր դառնալու հեռանկարը, կրկին օբյեկտիվորեն, հակասում է: Որքանով Հայաստանը կկարողանա հետամուտ լինել սեփական շահերին՝ կախված է առաջին հերթին՝ իշխանության, բայց նաեւ՝ ընդդիմության, քաղաքական համակարգի, վերջին հաշվով, հասարակության ընտրությունից ու կամքից: Այդ հարցում որեւէ դեսպան մեզ չի կարող օգնել կամ խանգարել:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս