«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությանը: Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այս տարվա գարնանը լույս տեսած մի շարք հրապարակումների հեղինակներին, ըստ որոնց՝ նախարարի կինը, վարելով իր նախկին ընկերոջ ավտոմեքենան, վթարի է ենթարկել այն, ինչի արդյունքում մահացել է գործարար Փայլակ Հայրապետյանի որդին` Հովիկը` նախարարի կնոջ ընկերը:
Դիմումը ստանալուց 5 ամիս անց դատախազությունում որոշեցին քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սուտ մատնությունը): «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս քրգործը հսկելու է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը: Վերջինս հանրությանն առավել հայտնի է որպես Մարտի 1-ի քրեական գործը քննող՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմում ստեղծված քննչական խմբի ղեկավար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: