«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 9-ին կայացած խորհրդակցությանը ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հունվար-հոկտեմբերին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, ներկա դրությամբ նկատվում է փոխադրումների նվազման միտումը:
Միևնույն ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրենն արձանագրեց Ընկերության աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը: Այդ ցուցանիշների շարքում նա նշեց մասնավորապես վագոնի պարապուրդի կրճատումը, լոկոմոտիվի միջին օրական վազքն ու արտադրողականությունը, տեղամասային և տեխնիկական արագությունները:
ՀԿԵ ղեկավարը նշեց նաև, որ 10 ամիսների արդյունքներով նկատվում է գնացքների ուշացման ժամանակի կրճատում 134 ժամով կամ 40%-ով, հանձնարարելով շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
– Մեր նպատակը՝ գնացքների չվացուցակի 100%-նոց կատարումն է, – ընդգծեց նա:
Սերգեյ Վալկոն տեղեկացրեց նաև, որ 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գծի բալային գնահատականը կազմեց 96 միավոր՝ բարելավվելով 4 միավորով: Ընկերության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ 2015 թվականին երկաթուղում սահմանվել է 190 արգելք՝ 2014-ին սահմանված 362-ի դիմաց:
Իսկ ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում Սերգեյ Վալկոն նշեց մասնավորապես բեռնափոխադրումների աճի ապահովումը, ծախսերի կրճատումը և հավելյալ եկամուտների ապահովումը, միջոցների տնտեսումը:
Ինչպես նշեց ՀԿԵ-ի ղեկավարը, ԱՊՀ երկրների երկաթուղիները կանգնած են փոխադրումների ծավալների կրճատման խնդրի առջև:
– Մեր բոլոր միջոցներն ուղղված են ՀԿԵ-ի աշխատանքային կոլեկտիվի պահպանմանը: Այսօրվա իրավիճակը բարդ է, բայց ոչ աղետալի: Անցյալում մենք արդեն հաղթահարել ենք նման դժվարություններ, – ընդգծեց Սերգեյ Վալկոն: