ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ քաղաքացի Մերուժան Պ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները իրեն և որդուն տարել են հիշյալ վարչություն, որտեղ հոգեբանական ճնշում գործադրելու և որդու հասցեին սպառնալիքներ հնչեցնելու միջոցով պահանջել են հաղորդում, ապա բացատրություն տալ՝ որդու վերաբերյալ քրեական գործով քննիչին կաշառք տալու վերաբերյալ, ինչից վախեցել է և նրանց թելադրանքով տվել հանցագործության մասին հաղորդում:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մերուժան Պ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ծառայողները նրա նկատմամբ հոգեբանական ճնշում չեն գործադրել, սպառնալիքներ չեն տվել, այլ նա քննիչին կաշառք տալու վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքները անձամբ շարադրել է հաղորդման մեջ՝ նշելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոստիկանության ծառայողներին հայտնի չեն եղել և չէին կարող լինել:
Հիշեցնենք, որ Մերուժան Պ.-ի` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տված նույն հաղորդման հիման վրա` Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության էին առնվել նրա հաղորդման մեջ նշված բոլոր հանգամանքները, կատարվել էին բազմաթիվ քննչական գործողություններ: Արդյունքում կաշառք ստանալու համար քննիչին, իսկ կաշառք տալու համար` Մերուժան Պ.-ին մեղադրանք էր առաջադրվել:
Այնուհետև մեղադրական եզրակացության կազմմամբ դատարան ուղարկված հիշյալ քրեական գործի դատաքննության ընթացքում Մերուժան Պ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքի համար և որևէ հայտարարություն չի կատարել այն մասին, թե սպառնալիքի և վախի մթնոլորտում ոստիկանության ծառայողներն իրեն, իբր, ստիպել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել քննիչի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչը մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու արարքում և դատապարտվել ազատազրկման, իսկ Մերուժան Պ.-ն մեղավոր է ճանաչվել կաշառք տալու արարքում` դատապարտվելով տուգանքի:
Այսինքն` Մերուժան Պ.-ն գիտակցելով, որ քննիչին կաշառք տալու վերաբերյալ իր հայտնած տեղեկություններն իրականում համապատասխանում են իրականությանը` անհիմն մեղադրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին:
Մերուժան Պ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործով վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է: