Զորակոչված զինծառայողի ազգականները հայտնել են, որ զինվորի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. նոյեմբերի 9-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությանը դիմել են ՀՀ զինված ուժերի
ժամկետային զինծառայող, 2015թ. հունվարին զորակոչված Ա.Հ.-ի ազգականները և հայտնել, որ վերջինս զորամասում դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր և տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ:
ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս,
իրոք, ենթարկվել է ուժեղ հոգեբանական տրավմայի և ներկայումս ստանում է
համապատասխան բուժում:

Ըստ ազգականների տվյալների՝ Ա.Հ.-ին զորամասում ծեծի են
ենթարկել, ենթադրաբար դեպքը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 6-ին կամ 7-ին:
ՔՀԻ-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ այս միջադեպի կապակցությամբ քրեական
գործ հարուցելու, արդյունավետ և անհապաղ քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հարկ է ընդգծել, որ ինչպես զորակոչվելիս, այնպես էլ ծառայության ընթացքում
բուժզննության ժամանակ Ա.Հ.-ի մոտ հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարային ծառայության համար պիտանի: Ուստի, նա խնդիրը ձեռք է բերել ծառայության ընթացքում, ենթադրաբար, դաժան վերաբերմունքի հետևանքով:

Ա.Հ.-ի հետ կատարվածը միակը չէ: Վերջին տարիներին հասարակությանը հայտնի են
դարձել նմանատիպ մի քանի դեպք, երբ վատ և նվաստացուցիչ վերաբերմունքի արդյունքում ժամկետային զինծառայողները ձեռք են բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: ՔՀԻ-ին դատապարտում է ՀՀ զինված ուժերում նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը և կոչ է անում ՀՀ պաշտպանության նախարարությանն արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու պրակտիկան բացառելու ուղղությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է տուժողին տրամադրել համապատասխան բժշկական և հոգեբանական աջակցություն:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեն իր մտահոգություններն է
հայտնել Հայաստանի զինված ուժերում վատ վերաբերմունքի պրակտիկայի առկայության և նշված դեպքերի ոչ պատշաճ քննության վերաբերյալ: Կոմիտեն նշել է, որ պետությունը պետք է կրկնապատկի իր ջանքերն՝ ուղղված բանակում վատ վերաբերմունքի արգելմանը և բացառի նման պրակտիկան, ինչպես նաև՝ նմանատիպ բոլոր դեպքերով ապահովի արագ, անկողմնակալ և լիարժեք քննություն և մեղավորներին ենթարկի իրական և համաչափ պատժի, իսկ կատարված քննության արդյունքների վերաբերյալ տեղեկացնի հանրությանը:




Լրահոս