Ճանապարհաշինական ընկերությունները պատրաստվում են ձմռանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից: Հանրապետության 10-ը մարզերում 35 ճանապարհաշինական ընկերություններ ողջ ձմռան ընթացքում կսպասարկեն 3467.4կմ ընդհանուր երկարությամբ 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող տեխնիկայով, աղով ու ավազով:

Ընկերություններում կուտակված է մոտ 1356 տոննա աղ և 36.905 խորանարդ մետր ավազ: Հանրապետության որոշ վայրերում, ուր արդեն ձյուն է տեղում, ճանապարհաշինարարները գործի են անցել։

Հայաստանի ամենացուրտ գոտում՝ Վարդենիսում օրինակ, ճանապարհը սպասարկող «Կապավոր» ընկերությունն արդեն սկսել է ձյան մաքրման աշխատանքները։ Ճանապարհները մշակվում են նաև աղ ու ավազով։
«Կապավոր» ՍՊԸ-ի Վարդենիսի տեղամասի պետ Գևորգ Փոստոյանն ասաց, որ ձմռանն ընկերությունը սպասարկում է Վարդենիսի տարածաշրջանի շուրջ 90 կմ երկարությամբ ճանապարհներ:

«Պատրաստ ենք ճանապարհների ձմեռային պահպանությանը։ Ունենք համապատասխան տեխնիկա, բավարար քանակությամբ կուտակած ավազ ու աղ»:

Գեղարքունիքում, ուր ձմռանը ջերմաչափի սնդիկն իջնում է մինչև -25 աստիճան և որտեղ տարվա կեսը ձյուն է տեղում, ճանապարհների պահպանությունն ու սպասարկումն իրականցվում է մարզի 5 ճանապարհաշինական ընկերությունների կողմից, որոնք սպասարկում են 385.9 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական նշանակության 4 և հանրապետական նշանակության 8 ավտոճանապարհներ:

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Տիգրան Մարիտիրոսյանը, ով Գեղարքունիքի մարզի պատասխանատուն է, տեղեկացրեց, որ ինչպես Վարդենիսում, այնպես էլ մարզի մյուս տեղամասերում առկա են համապատասխան քանակությամբ մեքենամեխանիզմներ, բանվորական ուժ և կուտակված աղ ու ավազ՝ 2015-16 թվականների ձմեռը պատշաճ դիմավորելու համար:

Կոտայքի մարզում ևս ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները կազմ ու պատրաստ են ձմռան աշխատանքներին։ Նրանց կողմից սպասարկվում են միջպետական նշանակության 2 և հանրապետական նշանակության 18 ճանապարհահատվածներ, որոնց ընդհանուր երկարությունը 332.8կմ է:

Մենք եղանք Աբովյանի և Հրազդանի ճանապարհաշինական ընկերություններում: Առաջինում մեզ ցույց տվեցին ճանապարհներն ավտոմատացված եղանակով աղ ու ավազով մշակող մեքենան: Այն հեռացնում է ձյունն ու սառույցը, իսկ մեքենայի թափքում տեղադրված ավտոմատ համակարգն ինքնուրույն աղ ու ավազ է ցանում ճանապարհին:

Ճանապարհների սպասարկման Կոտայքի մարզի պատասխանատուն էլ մեզ հետ միասին եղավ երկու տեղամասերում: Ստուգեց տեխնիկան և աղ ու ավազի քանակությունը:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ՊՈԱԿի գլխավոր մասնագետ Կարապետ Հյուսիսյանը տեղեկացրեց, որ ձմեռային սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկան սարքին է աղը, ավազը՝ պահեստավորված:

Հրազդանի ճանապարհաշինական ընկերության ղեկավարին էլ խնդրեցինք ներկայացնել այն մեքենամեխանիզմները, որոնք ձմռան ընթացքում աշխատում են ճանապարհների մաքրման ժամանակ:

«4 գրեյդեր, 2 զիլ, 2 բուլդոզեր մեքենաներ պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին: Օրը 3-4 անգամ աղ-ավազ է փռվում ճանապարհներին: 24 ժամյա հերթապահություն է իրականացվում»,- նշեց «Հրազդան ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Օնիկ Բաղդասարյանը։

Շուրջօրյա ժամանակացույցով հերթապահում են ոչ միայն Հրազդանի, այլև հանրապետության մյուս 34 ճանապարհաշինական ընկերությունները:

Հանրապետությունում ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկություն ստանալու համար ճանապարհ դուրս գալուց առաջ բոլոր քաղաքացիները, վարորդները կարող են զանգահարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործող թեժ գծին՝ 56-25-33 քաղաքային հեռախոսահամարով: Այստեղ 24 ժամ շարունակ ստանում և փոխանցում են տեղեկություններ ավտոճանապարհների բաց կամ փակ, դժվարանցանելի լինելու մասին:

Ճանապարհներն սպասարկող ընկերության ներկայացուցիչները խնդրեցին վարորդներին փոխանցել, որ ամառային սեզոնի մեքենայի անիվները փոխարինեն ձմռան համար նախատեսվածներով, չդիմեն արկածախնդրության և լինեն առավել զգույշ՝ հատկապես գիշերային ժամերին երթևեկելիս:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում.




Լրահոս