
Երեկ՝ առավոտյան, սպանվել է Պռոշյանի գյուղապետ ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը: Նրա դին` քունքի մոտ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է գյուղապետարանի շենքի դիմաց: Գյուղացիներից շատերի պնդմամբ՝ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի: Այս գյուղը վերջին տարիներին աչքի էր ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով: Պռոշյանցիներից շատերը երեկ հիշել էին 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, երբ գյուղապետի պաշտոնի համար մրցում էին ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանն ու ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, որն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդիների ընկերն է: Պռոշյանի ընտրություններն անցել էին բավական թեժ մթնոլորտում, իսկ ընտրություններից հետո կողմերի միջեւ ծեծկռտուք էր եղել: Երեկ ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել` կատարվածը գնահատելով որպես կանխամտածված սպանություն, ավելին, հայտարարության մեջ մատնանշված է, որ նախկինում Մուրադյանի հասցեին բազմիցս սպառնալիքներ ու ահաբեկումներ են հնչել եւ, փաստորեն, իրականացվել են: