Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցում և նշել, որ մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու ներուժ կա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պրոբացիոն ծառայության ոլորտում կատարվելիք բարեփոխումներին, դատական համակարգում էլեկտրոնային կառավարման և տվյալների բազայի համակարգի հետագա զարգացմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև նախարարը ներկայացրել է մի շարք նոր ծրագրերի տեսլական:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ գործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի բարեփոխումների, ինչպես նաև մարդու իրավունքների հետագա ամրապնդման հարցերում: Նրա խոսքով՝ կան տարբեր ուղիներ, որոնցով ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ արդարադատության նախարարությունը կարող են գործակցել այս բարեփոխումներն առաջ տանելու հարցում: «Ես սպասում եմ մեր գործակցության հետագա ընթացքին»,- ասել է դեսպանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս