ՍԱՀՄԱՆԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը զինտեխնիկա եւ հատուկ ստորաբաժանումներ է կուտակում: Ասել է թե՝ ամեն րոպե հակառակորդի կողմից սադրանքի հավանականություն կա:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե սահմանին տիրող իրավիճակը սովորական չէ, բայց եւ վերահսկելի է: Ըստ նրա՝ հայկական կողմն անում է բոլոր այն քայլերը, որոնք թույլ են տալիս հակառակորդին լինել զսպված: Մանրամասներ պարոն Հովհաննիսյանը չասաց, սակայն վստահեցրեց՝ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման: ՊՆ մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ վերջին օրերին ավելացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հատկապես նախորդ գիշեր աճել է հակառակորդի կողմից արձակված կրակոցների թիվը:
Ուշագրավն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանին նկատվող ակտիվությունը համընկավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի հետ: Ընդ որում, համանախագահների այս այցը բավական երկարատեւ էր. մոտ 10 համանախագահները եղան Ստեփանակերտում եւ Երեւանում՝ հանդիպելու տեղի պաշտոնյաների հետ: Իսկ երկուշաբթի օրվանից նրանք Բաքվում են: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, թե չորեքշաբթի օրը իրենք հանդիպելու ենք ադրբեջանական կողմի հետ՝ քննարկելու բանակցային գործընթացի ներկա վիճակը: Ըստ Պոպովի՝ հաջորդ շաբաթ Վիեննայում կկայանա Մինսկի խմբի նիստը: Սպասվում է, որ համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Մեկ այլ տեսակետի համաձայն՝ ադրբեջանական կողմի նման ակտիվության պատճառը ՀՀ-ում ներքաղաքական հնարավոր լարումներն են: Հիմնականում իշխանական ճամբարից փորձում են շրջանառության մեջ դնել մի տեսակետ, ըստ որի՝ ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, միգուցե նաեւ քաղաքական անկանխատեսելի իրադարձություններ տեղի ունենան, մանավանդ որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, թե իր դիակի վրայով Ս. Սարգսյանը կգնա երդմնակալության: Ճիշտ է, քաղաքական սրացումների հավանականությունն անչափ քիչ է, սակայն չի բացառվում ցանկացած զարգացում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերի 16-ին տեղի կունենան նախագահի ընտրություններ, ու չի բացառվում, որ Իլհամ Ալիեւը իր փիառի համար որոշել է ուժ ցուցադրել՝ գոնե դիրքավորման ձեւով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս