Օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, վկայակոչելով անհայտ ծագման մի տեսանյութ, որտեղ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ հայագետ, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացված է որպես պատմության կեղծարար, վիրավորել էր թե՛ Ռիչարդ, թե Րաֆֆի՛ Հովհաննիսյաններին: Այդ տեսանյութը հայտնվել է «Ժողովուրդ»-ի ձեռքում, եւ ստորեւ ներկայացնում ենք «Հայոց պատմության կեղծարարները» վերնագրված այդ սկանդալային տեսանյութի բովանդակությունը:
28-րոպեանոց տեսանյութում նախ ցուցադրվում է մի քարտեզ ու նշվում. «Սա պատմական Հայաստանն է: Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի եւ մարդկության հայկական քաղաքակրթության բնօրրաններից է: Հայերեն լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Նախահնդեվրոպական լեզվով խոսող ժողովրդի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Պատմահամեմատական լեզվաբանության խոշորագույն գիտնականները` Վյաչեսլավ Իվանովը, Թովմաս Գամկրելիձեն եւ շատ ուրիշներ, գիտականորեն փաստել են, որ նախահնդեվրոպական լեզվով խոսող ժողովրդի հայրենիքը իսկապես եղել է Հայկական լեռնաշխարհը եւ Արեւելյան Անատոլիան»:
Ապա նշվում է, որ տասնյակ տարիներ թուրքական քարոզչությունը խեղաթյուրել է հայոց պատմությունը, սակայն. «Ամենացնցողը եւ ամենացավալին ամերիկյան համալսարանների հայագիտական ամբիոնների գործունեությունն է, որոնք, խեղաթյուրելով հայոց պատմությունը, դարձել են թրքական քաղաքական քարոզի օգնական լծակները: Այսօր Միացյալ Նահանգներում ապրող ավելի քան մեկ միլիոն հայեր, որոնք ամենօրյա իրենց աշխատանքով են զբաղված, նույնիսկ չեն կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգների հայագիտական ամբիոններում ծվարած այս կեղծ հայագիտության դպրոցի ներկայացուցիչները, թրքական քարոզարշավին զուգահեռ, զբաղված են սփյուռքահայ ուսանողության ազգային ինքնությունը խարխլելով»:
Այնուհետեւ ներկայացվում է, թե ովքեր են այդ ամբիոններում աշխատում, եւ հերթով ցուցադրվում են նրանց լուսանկարները. «Նինա Գարսոյան, Ռոնալ Գրիգոր Սյունի, Ռոբերտ Թոմսոն, Ռիչարդ Հովհաննիսյան, Ջեյմս Ռասսելլ, Փիթեր Քաուի, Ալվինա Այվազյան, Սիմոն Փայասլյան: Այս քարոզչության համար մշակվել է կեղծ հայագիտություն, եւ այս անձինք հետապնդել եւ հետապնդում են հետեւյալ նպատակները. առաջին՝ պատմական Հայաստանի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայերին հայտարարել եկվոր տարր եւ գաղութարար: Երկրորդ՝ հայտարարել, որ 5-րդ դարի մեծանուն հայ պատմիչներ Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին եւ Եղիշեն հնարովի հեղինակներ են, եւ նրանց երկերն անարժանահավատ, մերձպատմական շարադրանքներ են: Երրորդ՝ հայտարարել, որ իբր այսօրվա հայ ժողովուրդը տարբեր էթնիկական խմբերի խառնածնության արդյունք է եւ ոչ մի ընդհանուր բան չունի Հայկական լեռնաշխարհում ապրած հին ժողովրդի հետ: Չորրորդ՝ Արցախ-Ղարաբաղի տարածքը պատմականորեն պատկանում է ադրբեջանցիներին, իբրեւ ազերիները կովկասյան Աղվանք երկրի հետնորդներն են»:
Ըստ տեսանյութի հեղինակների՝ ԱՄՆ հայագիտական ամբիոնների կողմից հայ ժողովրդի պատմության զեղծարարության հիմնական պատճառը Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակցությունն է եւ Կովկասում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը. «Այդ մասին բացահայտ պարզաբանում է տալիս բրիտանացի պատմաբան Քրիստաֆոր Վոքերը»: Հետո տեսանյութում առանձին-առանձին ներկայացվում է, թե ինչպիսին է ամերիկյան հայագիտական կեղծ դպրոցի ներկայացուցիչների գործելակերպը:
«Ռոբերտ Թոմսոն, եղել է Օքսֆորդի համալսարանի Գյուլբեկյանի անվան հայագիտական ամբիոնի պրոֆեսոր, այս մեկն անգամ վախեցել եւ Օքսֆորդի համալսարանի կայքէջում իր լուսանկարի փոխարեն տեղադրել է մի սեւ պատկեր: Ռ. Թոմսոնը, թարգմանելով միջնադարյան հայ պատմիչների երկերը, միտումնավոր կեղծել է գրաբարյան տեքստերի իմաստը: Ըստ քաղաքական պատվեր կատարող Ռ. Թոմսոնի՝ պատմահայր Խորենացին, Փավստոս Բուզանդը եւ Եղիշեն հնարածին են եւ երբեք չեն ապրել 5-րդ դարում: Սակայն 1986թ. Երեւանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի ժամանակ ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն իր ջերմ պաշտպանության տակ առավ Ռոբերտ Թոմսոնին Հայաստանի պատմաբանների զայրույթից ու քննադատություններից»,-նշվում է տեսանյութում:
Այնուհետեւ անցում է կատարվում Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեության այլ դրվագների. «Այս զեղծարար պրոֆեսորն իր գրքում Հայկական լեռնաշխարհ տերմինը օգտագործելու փոխարեն օգտագործում է թրքական արեւելյան Անատոլիա տերմինը: 1997թ. ամերիկյան հայագիտական կեղծ դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմեցին եւ հրատարակեցին «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» հակագիտական եւ հակահայկական երկհատոր դասագիրքը: Այս նույն պրոֆեսորի որդին՝ Միացյալ Նահանգների հետախուզության կողմից հովանավորվող (տեսանյութում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի լուսանկարն է-Ս.Գ.) Ֆլետչերի համալսարանն ավարտած Ր. Հովհաննիսյանը, Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի նիստում, թուրք եւ ադրբեջանցի ներկայացուցիչների հետ միասին պահանջեց, որ Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից:
1997թ. ամերիկյան կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ երկու հատորով հրատարակեցին մի կոլեկտիվ աշխատություն: Ռ. Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսած այս երկհատորյակը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգների համալսարաններում հայագիտության ամբիոններում դասավանդելու համար: Այս հակագիտական, սխալներով, խեղաթյուրումներով լի դասագիրքը դաստիարակում է ամերիկահայ աճող սերնդին, ուսանողությանը: Եվ այս քայքայիչ գործունեության ողջ պատասխանատվությունը պետք է բաժանեն թե՛ այս երկհատորյակի նշված հեղինակները, թե՛ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի այն ներկայացուցիչները, որոնք, ժամանակին բոլշեւիկյան Կրեմլի խամաճիկները լինելով, այսօր էլ դրամական գրանտների սպասումով եւ կրավորական դիրքորոշում որդեգրելով` ծառայում են նոր տերերին: Եվ օտարերկրյա այս հայագետներին շնորհվում են շքանշաններ ու ՀՀ պատվավոր քաղաքացու կոչումներ»: Տեսանյութի վերջում կոչ է արվում միանալ իրենց պայքարին, որպեսզի այդ կեղծարարությունը չշարունակվի:
Տեսանյութը 2 օր անց կտեղադրվի armlur.am կայքում:
ՐԱՖՖՈՒ ՀԱՅՐԸ՝ «ԶԵՂԾԱՐԱՐ ՊՐՈՖԵՍՈ՞Ր»՝
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ