ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԵԾԿՌՏՈՒՔ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին՝ մեռելոցի օրը, Նուբարաշենի գերեզմանատանը արտառոց դեպք է տեղի ունեցել: Այգեստանի բնակիչ 59-ամյա Սուսաննա Այդինյանն իր աղջիկ թոռնիկի հետ գնացել է Նուբարաշենի գերեզմանատուն եւ այնտեղ հանդիպել իր նախկին փեսային: Զոքանչի եւ փեսայի միջեւ սկսվել է վեճ, եւ փեսան` Արմավիրի բնակիչ Մանուկ Մկրտչյանը, ծեծի է ենթարկել զոքանչին եւ առեւանգել իր դստերը: Մեր տեղեկություններով` ընտանիքների միջեւ արդեն երկար ժամանակ է, ինչ հակամարտություն է, եւ այդպես էլ հնարավոր չի լինում կարգավորել հարցը, թե ծնողներից որի մոտ պետք է մնան երեխաները:

ՀԱՑԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ
Երեւանցի Սուսիկ Հակոբջանյանը երեկ հացադուլ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ եւ պահանջում է հանդիպում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: 3 օր գլխավոր դատախազության մոտ հացադուլ անելուց հետո տարեց կինն այն կշարունակի Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ: Հակոբջանյանի պատմելով` իր որդուն ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսուչները մեղադրում են անհատ ձեռնարկատիրության մեջ, թե իբր նա տանը գաղտնի զբաղվում է բիզնեսով, մինչդեռ կնոջ վստահեցմամբ` իր որդին` Հրաչիկ Աղաբեկյանը, հասարակ բանվոր է տպարանում, որի տնօրենն ապրանք է ներկրել Հայաստան իր որդու անունով` առանց նրանից այդ մասին թույլտվություն հարցնելու:

ՊԱՐԱԶԻՏՆԵՐ
«Գյուղացին պետք է օրենքով պաշտպանված լինի, որպեսզի մթերող կազմակերպությունները չկարողանան տարիներով գյուղացիների պարտքերը ձգձգել»,-երեկ  ասել  է  Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` տեղեկացնելով, որ մթերող կազմակերպություններն Արտաշատի եւ Իջեւանի գյուղացիներին խոշոր պարտքեր ունեն: Բերբերյանը նաեւ անդրադարձել է ջրօգտագործողների միավորումներին (ՋՕՄ)` դրանց ստեղծումը որակելով խեղկատակություն. «Պետությունը դրանց  4.5 դրամով է տալիս ջուրը, իսկ ՋՕՄ-ները 13 դրամով վաճառում են գյուղացիներին: ՋՕՄ-ն պարազիտի պես նստել է գյուղացու վզին»:

ԹԱՆԿ ԵՎ ՈՐԱԿՈՎ
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանն  «Առավոտ»-ին ասել է, թե այսօր Հայաստանում կան 5-6 բուժկենտրոններ, որտեղ իրականացվում է սրտի ստենդավորում: Չնայած Հայրապետյանի վստահեցումներին, թե Հայաստանն ունի սրտի վիրահատության ամենաժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կլինիկաներ ու մասնագետներ, այդուհանդերձ, գաղտնիք չէ, որ հայաստանցի շատ փողատերեր գերադասում են իրենց սիրտն արտերկրի թանկարժեք կլինիկաներում բուժել: «Մի մասի մոտ դա կատարվում է իներցիայով, փող ունեցողները միշտ կարծում են, որ որքան շատ փող ծախսեն դրսում, այնքան ավելի լավ կլինի, բնականաբար, նման վիրահատությունները շատ ավելի թանկ են դրսում, եւ դա ապահովում է համապատասխան որակ»,-նշել է բժիշկը:




Լրահոս