Նոյեմբերի 12-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ «Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում քաղաքների դիմակայունություն» ծրագրի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը նախաձեռնել էին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ԱՌՆԱՊ հիմնադրամը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգող Նիկոլայ Գրիգորյանը, ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, UNISDR ԿԱՀԿ տարածաշրջանային համակարգող Մադավի Արիյաբանդուն, Ժնևում ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կապի ու տեղեկատվության բաժնի ղեկավար Ջերրի Վելասկեզը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների տարածաշրջանային ներկայացուցիչներ:
2014թ. Ստեփանավանը միացել է ՄԱԿ-ի «Դարձնենք քաղաքները դիմակայուն. Իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավին: Միջազգային և տեղական գործընկերների աջակցությամբ քաղաքում իրականացվում են դիմակայունության մշակույթի ներդրմանն ու զարգացման ուղղված մի շարք ծրագրեր: Քարոզարշավը մեկնարկել է 2010թ. ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի /UNISDR/ և գործընկեր կառույցների համատեղ ջանքերով: Այն նպատակ ունի հզորացնել տեղական իշխանությունների դերն ու կարողությունները աղետների ռիսկի նվազեցման գործում:
Հայաստանի 18 քաղաք արդեն միացել է այդ քարոզարշավին: Ստեփանավան քաղաքը 2015թ. մարտի 14-18-ը Ճապոնիայի Սենդայ քաղաքում տեղի ունեցած ԱՌՆ 3-րդ համաշխարհային համաժողովին ճանաչվել է «Օրինակելի» քաղաք (Role Model): Գլոբալ քարոզարշավին միացած շուրջ 3000 քաղաքներից միայն 45-ն են ճանաչվել օրինակելի, իսկ Ստեփանավանն այս առումով ԱՊՀ տարածաշրջանում միակն է:
«Դարձնենք քաղաքները դիմակայուն. Իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավին միանալու կապակցությամբ Վրաստանի, Ղազախստանի, Ղրզզստանի քաղաքների ներկայացուցիչներին հավաստագրերը հանձնեցին Ստեփանավանում` որպես ԱՌՆ առումով օրինակելի քաղաք:
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ արդեն ունեն համագործակցության փորձ այն կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են քաղաքներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ: Վերջին հանդիպումը գործընկերների հետ տեղի էր ունեցել այս տարի Սենդայ քաղաքում, որտեղ Ստեփանավանը դիմակայունության տեսանկյունից ճանաչվել էր օրինակելի քաղաք: Քաղաքապետի խոսքով` դա պարտավորեցնում է աշխատել և կիսվել փորձով այն քաղաքների հետ, որոնք ունեն ցանկություն աշխատելու այդ ուղղությամբ.
– Ես կարծում եմ, որ այս հանդիպումը կլինի այն աշխատանքների շարունակությունը, որը մենք իրականացնում ենք, և ապագայում այլ քաղաքներ ևս կմիանան մեզ:
ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր խոսքում մասնավորապես ասաց.
– Մենք Թբիլիսիում բավական հետաքրքիր քննարկում անցկացրեցինք մեր քաղաքների փորձի, դրա փոխանակման և այս ծրագրի իրականացման վերաբերյալ, և կարևորն այն է, որ մենք հիմա գտնվում ենք մի քաղաքում, որը Սենդայում ճանաչվեց որպես օրինակելի քաղաք աղետների ռիսկի նվազեցման իմաստով: UNICDR ծրագիրը ունի մեծ ապագա, որովհետև քաղաքների աճի և ուրբանիզացիայի այսպիսի մակարդակի հետ զուգընթաց մեծանում են նաև ռիսկերը, և դա է պատճառը, որ շատ կարևոր է ճանաչել և նվազեցնել ոչ միայն առկա ռիսկերը, այլ նաև այն, ինչ կլինի ապագայում: Շատ կարևոր է կառուցել այնպիսի քաղաք, այնպիսի երկիր, որը կլինի զարգացած, ուժեղ, աճող և հնարավորություն կունենա պաշտպանվել ռիսկերից: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի եղբայրական երկրների մեր բարեկամներին:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ստեփանավանում և շնորհավորեց բոլորին` քաղաքների դիմակայունության մակարդակի ամրապնդմանը նվիրված միջոցառման առիթով:
– Երևանից գալու ճանապարհին մենք անցանք Սպիտակ քաղաքի միջով, որը տարիներ առաջ տեղի ունեցած ահավոր երկրաշարժի էպիկենտրոնն էր: Հենց այդ աղետը խթան հանդիսացավ այն միջոցառումների համար, որ այսօր իրականացվում է երկրում ՏԿԱԻՆ կողմից, որպեսզի ամրապնդվի երկրի դիմակայունությունն այդպիսի աղետների նկատմամբ: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը վերջին տարիներին մշակել է բավական ծրագրեր և համակարգեր` նպատակ ունենալով ամրապնդել աղետների նկատմամբ իր դիմակայունությունը, և իրոք դարձել է այն երկիրը, որ կարող է այլ երկրների հետ կիսվել ավերիչ աղետների դեմ պայքարի իր փորձով: Շատ ուրախ եմ, որ ՄԱԿ-ը այս հանդիպման համար ընտրել է հենց այս երկիրը:
ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, դիմելով միջոցառման մասնակիցներին, ասաց.
– Չնայած եղանակային պայմաններին` մենք հավաքվեցինք այստեղ, որովհետև մենք դիմացկուն ենք ու դատապարտված հաջողության, որովհետև դրան այլընտրանք չկա: Բոլոր զարգացումները բերում են նոր ռիսկեր, որոնց շուրջ պետք է լրջորեն խորհել և նվազեցնել դրանք: Ձեզ բոլորիդ ճանաչելով ես կարող եմ ասել, մենք կարող ենք գործել, մենք կարող ենք բարեփոխել, մենք կարող ենք շտկել, դա աներկբա է: Պետք է, հաշվի առնելով ամեն ինչ, հաշտ ապրել բնության հետ, գնալ մեր ճանապարհով, և դառնալ ավելի դիմակայուն:
Ժնևում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կապի ու տեղեկատվության բաժնի ղեկավար Ջերրի Վելասկեզը շեշտեց, որ աղետների ռիսկի նվազեցումը միայն իշխանության պարտականությունը չէ: Բոլորի պարտականությունն է մասնակցել և ներդրում ունենալ այդ գործում:
Հանդիպման բոլոր մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության համար և գոհունակությամբ արձանագրեցին, որ միջոցառումն օգտակար էր քաղաքների միջև օգտակար փորձի փոխանակման համար: Միջոցառման վերջում Ղազախստանի` Ուստ-Կամինագորսկ, Ռիդեր, Ղրղզստանի` Բիշկեկ, Կարակոլ, Վրաստանի` Թբիլիսի, Գորի, Հայաստանի` Նոյեմբերյան, Բերդ և Թումանյան քաղաքների ներկայացուցիչներին հանձնվեցին «Դարձնենք քաղաքները դիմակայուն. Իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավին միանալու հավաստագրեր: