Տևական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին. ԼՂՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական ուժերը մի քանի օր է` սկսել են իրենց պաշտոնական քարոզչությունը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե Արցախում ինչպիսի դիրքորոշում ունեն Հայաստանում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների շուրջ:

-Պարո՛ն վարչապետ, Արցախում ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում անցկացվող սահմանադրական փոփոխություններին: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումն այս հարցում, արդյո՞ք հետեւում եք Հայաստանում այս օրերին ձեւավորված իրավիճակին:

-Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հիմնական մասը համաձայնություն է տվել նախաձեռնությանը, եւ այն դրվել է հանրաքվեի, ապա Արցախի իշխանությունների համար ողջունելի է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական ցանկացած գործընթաց՝ այդ թվում Սահմանադրության փոփոխության հանրաքվեն: Իսկ մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն առաջարկի հետագա ճակատագիրը:

Բայց արդյո՞ք Դուք այն տեսակետին եք, որ այսօր նման փոփոխությունները խիստ անհրաժեշտություն են ՀՀ-ի համար: Ընդդիմության համոզմամբ` այս փոփոխությունները ժամանակավրեպ են եւ որեւէ աղերս չունեն լուծման կարիք ունեցող հրատապ խնդիրների հետ, որոնց արդյունքում երկրից արտագաղթը էլ ավելի է խորանում, տնտեսական աճը էլ ավելի է նվազում եւ այլն: Եվ, ահա, այս ամենի պատճառը գործող Սահմանադրությունը չէ ամենեւին: Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:

-Կարծում եմ` ցանկացած իրավական ակտ պետք է անընդհատ զարգացման ուղով ընթանա` ժամանակ առ ժամանակ համապատասխանեցվելով միջավայրի նոր պայմաններին: Թեեւ Սահմանադրությունն իրավական ակտերից ամենապահպանողականն է համարվում, սակայն դրա փոփոխության կարիքն էլ է լինում ժամանակի ընթացքում:

Իմ անձնական կարծիքով` արդեն ժամանակն է անցյալի սխալները եւ առկա նոր պայմանները հաշվի առնել, եւ բարեփոխել Սահմանադրությունը, ինչն իր ազդեցությունն է թողնելու քաղաքական համակարգի կայացման վրա: Այն, որ Հայաստանը լուրջ բարեփոխումների կարիք ունի՝ զարգացման նոր փուլ թեւակոխելու համար, ակնհայտ է, իսկ կոնկրետ այս փաթեթի «խիստ անհրաժեշտությունը» ժողովուրդը կգնահատի դեկտեմբերի 6-ին:

-Եթե Հայաստանում ժողովուրդն այո ասի սահմանադրական փոփոխություններին, ապա ինչ-որ ժամանակ հետո հնարավո՞ր է՝ ԼՂՀ-ում եւս իրականացվեն նման փոփոխություններ: Արդյո՞ք նման մտադրություն ունեն ԼՂՀ իշխանությունները:

-Անձամբ ես եւ իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տեւական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու հանրապետությունների ինտեգրացման բարձր մակարդակը՝ մենք պարտավոր ենք նկատի ունենալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում մեծամասնություն ստացած կարծիքը՝ Արցախի ինստիտուցիոնալ զարգացման հետագա ուղին որոշելու հարցում: «Ազատ հայրենիք» կուսակցությունը հակված է մոտակա ժամանակաշրջանում նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական խորհրդակցություններ, որոնք ավելի կհստակեցնեն մեր հետագա անելիքները:

-Հանուն ինչի՞ են արվելու սահմանադրական փոփոխությունները, արդյո՞ք ԼՂՀ-ի համար այսօր դա հրատապ հարց է:

-Իմ պատկերացմամբ Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է հանուն պետության ավելի արդյունավետ կառավարման եւ ժողովրդավարության մակարդակի բարձրացման: Համոզված եմ, որ գլխավորապես ինստիտուտներն են պայմանավորում պետությունների զարգացման ուղին եւ տեմպը: Այդ պատճառով կարիք կա Սահմանադրությամբ ընտրել այնպիսի գործիքակազմ, որը լավագույնս կսպասարկի ժողովրդին, կհամապատասխանի Արցախի ներքին եւ արտաքին առանձնահատկություններին ու քաղաքացիների կարիքներին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս