Երեկ՝ ժամը 8:30-ի սահմաններում, հենց գյուղապետարանի դիմաց սպանվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, 1963թ. ծնված Հրաչ Մուրադյանը: Ըստ հարազատների` նրա սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը եղավ Պռոշյան գյուղում:
Նախ տեղեկացնենք, որ դաշնակցական Հրաչ Մուրադյանը երեք անգամ ընտրվել էր Պռոշյանի գյուղապետ: Ամուսնացած էր, ուներ երկու դուստր եւ երկու որդի:
Գյուղապետարանի մոտ հավաքված համագյուղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ երկու կրակոցի ձայն են լսել ու գյուղապետարանի դիմաց տեսել սպիտակ գույնի «Նիվա» ավտոմեքենա, որը եղել է առանց պետհամարանիշի:
Նկատեցինք, որ գյուղապետարանի աշխատակցուհիները, գյուղապետի աշխատասենյակի դուռը բաց թողած, հեռվից նայելով դատարկ աշխատասենյակին, լաց էին լինում: Նրանք չցանկացան խոսել ու հիշեցին գյուղապետի խոսքերը. «Մի՛ տխրեք, լավ է լինելու»:
Հավաքված մարդիկ, ինչպես նաեւ գյուղապետարանի աշխատակիցները, բավական լարված ու վախվորած էին եւ չէին ցանկանում խոսել, սակայն կատարվածը շշուկով համարում էին քաղաքական հետապնդում:
Գյուղի ավագանու անդամ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս օրերին գյուղապետի մոտ ոչ մի տարօրինակ բան չի նկատել: Նա ասաց, որ ինչ-որ կոնֆլիկտ է ունեցել, սակայն ինքը չի ցանկանում դա կապել կատարվածի հետ. «Կոնֆլիկտներ ո՞վ չունի, բոլորն էլ ունեն, բայց ստույգ չեմ կարող ասել, թե դա ինչ կապ ունի սպանության հետ: Ինքը քաղաքական բաներին չի խառնվել ու իր գյուղի համար շատ լավ գյուղապետ էր»:
Գյուղապետի մտերիմ ընկերներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց, որ 2012թ. սեպտեմբերի 23-ին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Պռոշյանում բավական լարված մթնոլորտ է եղել. «Իրար դեմ էին դուրս եկել ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Մի խայտառակ ծեծկռտուք եղավ գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա մրցակից ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջեւ, սակայն հաղթեց Հրաչը»: Ավելին, այդ օրերին լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջեւ պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրություններն ընտանեկան հակամարտության մեջ են եղել:
Բայց սա դեռ վերջը չէ: Պռոշյանում իրավիճակն ավելի է բարդացել, երբ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում այցելել է համայնք: «Երբ Սերժ Սարգսյանը եկավ գյուղ, մարդ չկար, ոչ ոք դուրս չէր եկել, իսկ երբ Րաֆֆին էր եկել, մարդկանց տեղ ու դադար չկար»,-նկարագրեցին գյուղացիները, որոնց հետ զրուցելով՝ հասանք սպանված Հ. Մուրադյանի տուն: Բակում զրուցեցինք գյուղապետի հորեղբոր որդու՝ Հրանտ Մուրադյանի հետ, որը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց պտտվող խոսակցությունները, որ հնարավոր է՝ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի. «Կոնֆլիկտը մեր հարցը չէ, որ մենք բարձրաձայնենք, թող իրավապահները պարզեն: Ես ո՛չ կասեմ, որ կոնֆլիկտ չի եղել, եւ ո՛չ էլ կասեմ, որ կոնֆլիկտ եղել է: Գյուղապետի ընտրությունների ժամանակ նա կոնֆլիկտ ունեցել է, եւ ես չգիտեմ, եթե անգամ նա մարզպետի հետ է կոնֆլիկտ ունեցել, ապա համոզվա՛ծ եղեք, որ Հրաչը հարյուր տոկոս ճիշտ է եղել»:
Հորեղբոր տղան պատմեց, որ Հանրապետական կուսակցությունը միշտ, իր բոլոր լծակները օգտագործելով, ցանկացել է Պռոշյանում հաղթել. «Առաջին փորձը չստացվեց, որ հաղթեին: Ու այդպես էլ մինչեւ վերջ 3 անգամ չկարողացան հաղթել: Ոչ մի ձայն չեն տարել ու չեն էլ տանելու»:
Հրանտ Մուրադյանը հավելեց, որ Հրաչ Մուրադյանին տեսել է դեպքի նախորդ օրը՝ երեկոյան, եւ ոչ մի տարօրինակ բան չի նկատել. «Տխուր չէր, նորմալ տրամադրություն ուներ»:
Գյուղապետի առանձնատան մոտ հավաքված տղամարդիկ, որոնք ներկայացան գյուղապետի հեռու բարեկամներ, նշեցին, որ պռոշյանցիները թույլ չեն տա՝ այս գործը փակվի: Կատարվածին արձագանքեց նաեւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը՝ կատարվածը որակելով որպես կանխամտածված ու ծրագրված սպանություն:
«Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը: Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսեւորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրեցին այս վախճանին: Դատապարտելով կատարված ոճրագործությունը՝ ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ եւ լիարժեք բացահայտում` կատարողների եւ կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում»,-նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ գյուղապետը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Հ.Գ. Երեկ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ասել է, թե ինքը խնդիր չի ունեցել գյուղապետի հետ, մնացածը թող պարզեն իրավապահները:
ՀՀԿ-Ն ԿՐԱԿՈՑՈՎ ՓՈՐՁԵՑ ՀԱՂԹԵ՞Լ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ