Ծանր հանցագործության դեպքով գործը քննության է ուղարկվել ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Էդգար Ա.-ն վիճաբանել է հարևանուհու հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել ինչպես հարևանների, այնպես էլ՝ իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակից Արտավազդ Մ.-ի հասցեին:

Բացի այդ, Էդգար Ա.-ն դիմադրություն է ցույց տվել հասարակական կարգի խախտումը խափանող Կարեն Պ.-ին: Վերջինիս նկատմամբ Էդգար Ա.-ն բռնություն է գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Էդգար Ա.-ն խուլիգանական գործողությունների ընթացքում իր մոտ եղած սառը զենք հանդիսացող դանակն օգտագործելով՝ հարձակվել է Կարեն Պ.-ի վրա և սպառնացել սպանել վերջինիս:

Քաղաքացի Էդգար Ա.-ի կողմից սառը զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս