ՓԱԿ ՆԱՄԱԿՆԵՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին մեկնարկած «Փակ նամակ Սերժ Սարգսյանին» ակցիան մոտեցավ իր ավարտին: Ակցիան նախաձեռնած «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում հավաքվել էր 194 նամակ: Կազմակերպության երիտասարդ ակտիվիստների այս նախաձեռնության նպատակն էր օգնել, որպեսզի ժողովրդի ձայնը հասնի Սերժ Սարգսյանին:
Ակտիվիստ Արթուր Մանուկյանը հավաստիացրեց, որ 194 նամակներն անպայման կուղարկվեն ըստ հասցեի. «Մեր կողմից հետեւողականություն կցուցաբերվի. եթե փոստի աշխատակիցները նամակները չուղարկեն, պատասխան կպահանջենք»:
Ապրիլի 2-ին մի խումբ երիտասարդներ երթով շարժվեցին դեպի Վանաձորի կենտրոնական փոստ: Ժամը 14:00-ին նամակներն ուղարկվեցին Բաղրամյան 26 հասցեով` նախագահական նստավայր: Փոստի աշխատակիցները հավաստիացրին, որ նամակները Վանաձորից կուղարկվեն վաղը (այսօր-Տ.Ս.), իսկ մյուս օրը (վաղը-Տ.Ս.) կլինեն նախագահականում: Ակտիվիստներից մեկի` Էդգար Խաչատրյանի խոսքով` «նամակները գրել են հիմնականում այն մարդիկ, որոնք հաղթահարել են վախի մթնոլորտը, եղել են նաեւ քաղաքացիներ, որոնք նամակ են գրել, բայց հասցե չեն նշել, այդ մարդկանց նամակներն ուղարկվել են «Խաղաղության երկխոսություն» հկ-ի անունից»:
Իհարկե, Վանաձոր քաղաքի համար նման ակցիան համարձակ նորություն էր, եւ այն, որ արդյունքում 194 քաղաքացի իր խնդիրների մասին որոշեց գրել Սերժ Սարգսյանին, արդեն իսկ խոսում է քաղաքում վախի եւ զգուշավորության մթնոլորտի հաղթահարման մասին:

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս