Մեր ժամանակակից պատմության վառ էջերից մեկի` Բաղրամյան պողոտայում այս տարվա հունիսի 22-ից հուլիսի 6-ը տեւած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրային բողոքի ցույցերի կարեւորագույն դրվագները երեկ «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը եւ Հանրային լրագրության ակումբը ներկայացրին հանրությանը: «Ֆոտոլուրը» դա արեց լուսանկարների ցուցահանդեսի, իսկ Հանրային լրագրության ակումբը՝ փաստավավերագրական ֆիլմի տեսքով:
Նոյեմբերի 12-ին «#Electric Yerevan 2015» ֆոտոցուցահանդեսի շրջանակներում այցելուներին ցուցադրվեցին 70-ից ավել լուսանկարներ, որոնց հեղինակները գործակալության ֆոտոլրագրողներ Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Բաղդասարյանը, Հայկ Բադալյանը եւ Մխիթար Խաչատրյանն են: Նրանք ցուցահանդեսի միջոցով ստեղծել են յուրօրինակ մի ֆոտոակնարկ, որը բացառիկ է` նվիրված լինելով մեկ կոնկրետ իրադարձության: Լուսանկարները դիտողները կարող են ամբողջական պատկերացում կազմել, թե ինչ է տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում, իսկ ովքեր եղել են այնտեղ, կարող են վերապրել իրենց էմոցիաները: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ նոյեմբերի 26-ը:
«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների առաջին օրվանից ցուցահանդես կազմակերպելու մտահղացումն իրենց մոտ եղել է. «Իրադարձությունները տեւեցին երկու շաբաթ, եւ մենք այդ ընթացքում շարունակում էինք աշխատել 24 ժամյա ռեժիմով, այդպիսով` հավաքվեցին հազարավոր լուսանկարներ, որոնք ցանկացանք ցուցադրել հանրությանը: Ավելի վաղ համապատասխան ֆինանսներ չունեինք, եւ երբ դրանք ձեռք բերեցինք, անմիջապես իրականացրինք մեր նպատակը»,-ասաց նա:
Տնօրենի խոսքով` ներկայացված լուսանկարներից շատերը տպագրվել են արեւմտյան մամուլի էջերում, դժվարությամբ են արվել հատկապես ջրցանի օրվա ֆոտոները:
Լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրենք այդ օրերին շատ լարված են աշխատել. «Հատկապես առաջին օրը շատ հոգնած էինք, եղել են օրեր, որ 14 ժամ հաց չենք կերել: Սա մեծ իրադարձություն էր, որին հարկ գտանք անդրադառնալ»,-ասաց նա:
Բացի ցուցահանդեսից` նույն օրը տեղի ունեցավ Հանրային լրագրության ակումբի պատրաստած «#ElectricYerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այն պատմում է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին` ներառելով 20-ից ավել հարցազրույցներ ականատեսների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավապահների եւ դեպքի վայրում աշխատած լրագրողների հետ:
Նշենք, որ ցուցահանդեսի կազմակերպմանը, «#ElectricYerevan» ֆոտոալբոմի տպագրությանն ու ֆիլմի պատրաստմանն աջակցել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը:
Աննա Բաբաջանյան