ՏՆՕՐԵՆԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի շուրջ քսան աշխատակիցներ «Ժողովուրդ»-ին ահազանգեցին, որ արգելոցի ներկայիս տնօրենը՝ Հրաչյա Հովակիմյանը, անհիմն պատճառաբանություններով իրենցից պահանջել է ազատման դիմումներ ներկայացնել: Նշենք, որ ազատված աշխատակիցներից մի քանիսի փոխարեն արդեն նոր աշխատողներ են նշանակվել: Իսկ ազատված աշխատակիցները ստիպված են բանվորություն անել, որպեսզի իրենց ընտանիքներին կերակրեն:
Հիշեցնենք, որ ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ դիմել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ հայտնել, որ արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ոտնահարում է իրենց աշխատանքային իրավունքները` պահանջելով աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Արգելոցի աշխատակիցները գրավոր դիմել էին նաեւ ՀՀ բնապահպանության նախարարին` խնդրելով ՊՈԱԿ-ի հին ու նոր տնօրենների եւ աշխատակիցների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել: Սակայն այդ հանդիպումը չի կայացել:
ՄԻՊ-ը ՊՈԱԿ-ի աշխատակիցների դիմումն ընդունել է քննարկման եւ համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ ուղարկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ բնապահպանության նախարարություններ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության կողմից ««Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ. մասնավորապես`  կարգապահական տույժ նշանակելուց առաջ աշխատողներից չի պահանջվել բացատրություն, կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանները եռօրյա ժամկետում պատշաճ կարգով չեն ծանուցվել աշխատողներին:
«Տանն էի, կեսգիշերին զանգեց ու ասաց, որ գնամ, իր անձնական այգին ստուգեմ՝  հո ծառերը չեն կտրում կամ գողանում: Նշեմ, որ այգին արգելոցից 20 կմ հեռավորության վրա է գտնվում, բացի այդ, դա իմ աշխատանքային ժամին չի եղել, ու այն չի մտնում իմ աշխատանքային պարտականությունների մեջ: Մի խոսքով, գիշերով գնացի, ստուգեցի, բայց ոչ մի արտառոց բան չկար: Առավոտյան կանչեց իր մոտ, հարցրեց՝ լուսանկարե՞լ ես, պատասխանեցի, որ ոչ: Անմիջապես ասաց՝ աշխատանքից ազատվելու դիմո՛ւմ գրի: Մենք ընդամենը պետք է գնայինք ու ստուգեինք` ծառերը կտրել են, թե ոչ, ու իր (Հրաչյա Հովակիմյանի-Ս.Հ.) սեփական տարածքի ծառերը»,-ներկայացրեց 56-ամյա Գեւորգը:
Մյուս աշխատակցին` ավելի քան 15 տարի արգելոցում աշխատած 54-ամյա Վոլոդյային, ՊՈԱԿ-ի տնօրենն աշխատանքից ազատել է Երեւան քաղաքում գրանցված լինելու համար: «Բայց 20 տարի է, ինչ ապրում եմ Ուրցաձոր գյուղում: Այսքան տարիների ընթացքում առանց չափազանցնելու ոչ մի խախտում չեմ արել: Բայց արի՛ ու տես, որ մի անիմաստ պատճառի համար պարտադրեց, որ ազատման դիմում գրեմ: Կանչեցին ու ասացին, թե աշխատանքից ազատման դիմո՛ւմ գրի: Թե ինչի համար, չգիտեմ»,-վրդովված նկատեց Վոլոդյան: Նրա պատմելով՝ այս 15 տարիների ընթացքում երբեւէ չի ուշացել աշխատանքից եւ ոչ մի անգամ չի թերացել իր աշխատանքային պարտականությունները կատարելիս: Իսկ հիմա նրա փոխարեն մեկ ուրիշին են աշխատանքի ընդունել. «Դե ոնց էլ լինի, իր ծանոթներից կամ բարեկամներից մեկը կլինի: Հիմա էլ ընտանիքս պահելու, կերակրելու համար բանվորություն եմ անում: Նախկին տնօրենը շատ լավ մարդ էր, նրա հետ մենք երբեք խնդիրներ չենք ունեցել»:
Իսկ 45-ամյա Արտաշը «Ժողովուրդ»-ին զայրացած պատմեց, որ ինքը պատահական է իմացել աշխատանքից ազատվելու մասին. «Ես բարձրագույն կրթություն ունեմ եւ արգելոցում մոտ երկու տարի է, ինչ աշխատում եմ: Նորանշանակ տնօրենը, որը նախկինում ժամանակավոր պաշտոնակատար էր, եկավ ու հայտարարեց, թե որստեսչական խումբը փակում է, քանի որ նպատակահարմար չի գտնում մեզ հետ աշխատել ու դրա փոխարեն հատուկ ջոկատ է ստեղծելու: Մենք էլ իրեն առաջարկեցինք,  որպեսզի մեզ տեղափոխի այդ հատուկ ջոկատ` աշխատելու նպատակով, բայց էլի կրկնեց, թե չի ուզում մեզ հետ աշխատել: Թե ինչի համար, չմանրամասնեց»:
Սակայն Արտաշը, ուշադրություն չդարձնելով տնօրենի որոշմանը, շարունակել է սովորականի նման գնալ աշխատանքի: «Գնում էի ու սպասում առաջադրանքների, բայց ոչ ոք ոչինչ չէր հանձնարարում: Ու այդպես 20 օր: Նորից Հովակիմյանը կանչեց իր մոտ ու զգուշացրեց` դիմում գրի՛ր, թե չէ հեռացնելու եմ աշխատանքից: Այդ ամենից հետո շատ պատահական իմացա, որ ինձ փետրվարի 8-ին ազատել է աշխատանքից: Ինքն իրեն ենթադրել է, թե աշխատանքի չեմ ներկայացել, բայց ես միշտ ճիշտ ժամանակին ներկայացել եմ աշխատանքի: Ով լսել է Հովակիմյանին` ինքնակամ ազատման դիմումը գրել է, իսկ մյուսներիս ինչ-որ անհիմն պատճառաբանություններով հեռացրել են աշխատանքից»,-տեղեկացրեց Արտաշը:
ՄԻՊ գրասենյակի իրավապաշտպան Ռուզաննա Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Մենք կրկին դիմել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ խնդրել յոթօրյա ժամկետում տրամադրել կարգապահական տույժերի փաստը հաղորդող փաստաթղթերի պատճենները: Քանի որ իրենք մեզ պատասխանած գրությունում նշել էին, որ կարգապահական տույժ է կիրառվել ազատված աշխատակիցների նկատմամբ: Մենք էլ այդ փաստը հավաստող փաստաթուղթն ենք ուզում»:
Հ.Գ. Արգելոցի նախկին աշխատակիցների անունները փոխված են նրանց խնդրանքով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս