ՍՊՈՐՏԸ` ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ մեծ սպորտը նաեւ քաղաքականություն է, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Պատահական չէ, որ Հին աշխարհում սպորտն այնքան մեծ նշանակություն է ունեցել, որ օլիմպիական խաղերի օրերին նույնիսկ պատերազմական գործողություններն են դադարեցվել: Սովորաբար ասում են` երբ թնդանոթները կրակում են, մուսաները լռում են, սակայն տվյալ դեպքում եղել է հակառակը. երբ մարզիկները մրցել են, թնդանոթները լռել են:
Երեւի ավագ ու միջին սերնդի մարզասերները (եւ ոչ միայն մարզասերները) լավ կհիշեն 1980 թվականի Մոսկվայի օլիմպիադան, որը բոյկոտեցին ԱՄՆ-ն ու եվրոպական շատ երկրներ: Դրա պատճառը «սառը պատերազմն» էր ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ: Իհարկե, այդ երկրներից կային մարզիկներ, որոնք անհատապես մասնակցեցին օլիմպիադային: Իսկ արդեն 1984-ին  ԽՍՀՄ-ը եւ սոցիալիստական ճամբարի շատ երկրներ բոյկոտեցին ԱՄՆ-ում կայացած օլիմպիական խաղերը, ավելին, ԽՍՀՄ-ը, ի հեճուկս այդ խաղերի, անցկացրեց գրեթե օլիմպիադայի տրամաչափի այլ  մրցաշար:
Բազմաթիվ այլ օրինակներ էլ կարելի է բերել, երբ զգացվել է տվյալ մրցաշարի քաղաքական ենթատեքստը, բայց որ երկրի ներսում է սպորտը դառնում քաղաքական, կուսակցական շահարկման առարկա, դա արդեն կործանարար նշանակություն է ունենում սպորտի զարգացման համար:
Որպեսզի ասվածը մերկապարանոց չթվա, հիշեցնենք 2011-2012թթ. Հայաստանի լավագույն մարզիկի ընտրության շուրջ բարձրացած աղմուկը: 2011թ. լավագույն մարզիկ ճանաչվեց ըմբիշ Ռոման Ամոյանը, 2012թ.` նույնպես ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որը տարվա գլխավոր ստուգատեսում` Լոնդոնի օլիմպիական խաղերում, դարձավ փոխչեմպիոն: Ե՛վ 2011-ին, ե՛ւ 2012-ին հայտնի կերակրատաշտից օգտվող որոշ լրագրողներ, որոնք, ճիշտն ասած, շատ թե քիչ միայն ֆուտբոլից են հասկանում, միաբերան պնդում էին, որ լավագույնը պետք է լիներ կա՛մ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը, կա՛մ հայ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Իհարկե, երկուսն էլ հարգանքի արժանի մարզիկներ են, սակայն նրանց գովաբանողներին ավելի շատ հետաքրքրում էր այն հանգամանքը, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը` Ռուբեն Հայրապետյանը, իսկ օլիմպիական կոմիտեի նախագահը՝ Գագիկ Ծառուկյանը: Նրանք հաշվի չէին առնում այն փաստը, որ շախմատն օլիմպիական մարզաձեւ չէ, իսկ մեր ֆուտբոլիստների, մասնավորապես ազգային հավաքականի խաղը օրեցօր խամրում էր, եւ այն որեւէ լուրջ արդյունք չէր արձանագրել: Դե, իսկ եթե Հենրիխ Մխիթարյանը հաջող է հանդես գալիս Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում, ապա դա նախ եւ առաջ ի փառս ուկրաինական ֆուտբոլի է: Իհարկե, ոչ ոք չի ժխտում, որ Մխիթարյանի, Օզբիլիսի, Մովսիսյանի շնորհիվ նաեւ մեզ են ճանաչում ու հարգում, բայց, ամեն դեպքում, կարեւորն օլիմպիական մարզաձեւ լինելն ու արդյունքներն են:
Այսօրվանից «Ժողովուրդ»-ը պարբերաբար անդրադառնալու է սպորտին եւ ներկայացնելու է   մեծ ու մասսայական սպորտի հիմնախնդիրները` զերծ մնալով քաղաքական, կուսակցական շահարկումներից:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս