Ճիշտ ճանապարհը հանրաքվեն բոյկոտելն է. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հանդիպում է ունեցել կուսակցության ակտիվի հետ, որի ժամանակ հայտարարել է. «Սահմանադրական փոփոխությունները վտանգի տակ են դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը»:

Հանդիպման գլխավոր թեման եղել է դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների խորապատկերում առաջադրված փոփոխությունները հղի են լրջագույն վտանգներով: Ա. Կարապետյանն առանձնացրել է երեք գլխավոր հիմնախնդիր, որոնք անթույլատրելի են դարձնում այդ փաստաթղթի ընդունումը.

1.Նախագծում համաչափ լուծում չի տրվում կառավարման համակարգի օպտիմալացման գերխնդրին, ինչն էլ ավելի կխորացնի երկրում տիրող ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտը:

2. Նախագծով չի հաջողվել լուծում տալ Ազգային անվտանգության եւ բանակի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին:

3. Նախագիծը չի ապահովում աշխարհում ընդունված պառլամենտական կառավարման համակարգին բնորոշ կայուն մեծամասնության ստեղծման սկզբունքների ներդրումը եւ վտանգի տակ է դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը:

Վերջում ակտիվի մասնակիցները վերահաստատել են, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն: Հիմնավորելով ՆԺԿ դիրքորոշումն այն մասին, որ տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, ժողովը ընդունել է որոշում բոյկոտել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն: ՆԺԿ վարչությունը հանդես է գալու նաեւ համապատասխան հայտարարությամբ:

«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ:

-Մենք նաեւ կոչով բնակչությանն ենք դիմելու, ուղիղ բոյկոտ եւ վերջ: Մենք համոզված ենք, որ եթե ոչ ասենք, ապա դա դարձնելու են այո: Ճիշտ տարբերակն այն է, որ հանրությունը բոյկոտի այդ հանրաքվեն, մենք էլ արդեն կոնկրետ ներկայացրել ենք այն հիմքերը, որոնցից ելնելով պետք է լինի բոյկոտ:

-Ընդդիմադիր ուժերը նախքան սահմանադրական փոփոխությունների քննարկումը հայտարարում էին, որ իրենք բոյկոտելու են, սակայն այսօր ոչ-ի շտաբ է «գործում», որը քաղաքացիներին կոչ է անում քվեարկությանը մասնակցելու ու ոչ ասել…

-Մենք բոյկոտում ենք ու դիմելու ենք նաեւ ազգաբնակչությանը, որպեսզի չգնան քվեարկության, որպես քաղաքական ուժ որեւէ քննարկման չենք մասնակցելու, մեր ասելիքն արդեն ասել ենք: Մենք բոյկոտում ենք գործընթացը, քվեարկությունից առաջ էլ կլինի մեր հայտարարությունը, հասարակությանը հասանելի կլինի մեր տեսակետը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս