ՊՆ-ի վրա կես միլիոն դոլար հավելագրում արած գործարարի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությանը կես մլն դոլար հավելագրելու գործով կալանավորված «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերության տնօրեն Աշոտ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ազատ է արձակվել:

Դեռեւս 2014 նոյմեբերի 29-ին գրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ աղմկալի պատմության մեջ է ընկել: ՊՆ-ն «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերությանը վիդեոկոնֆերանսների սրահները տեխնիկայով ապահովելու դիմաց գումար էր վճարել, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ընկերությունը տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառել է շուկայականից բավականին բարձր գնով, ինչը երեւացել էր իրականացված գործարքի համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերում: Բացահայտումից հետո «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերության ղեկավար Աշոտ Սարգսյանը կալանավորվել էր եւ մեղադրվում էր խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ:

Հարուցված քրեական գործի քննության շրջանակներում ՀՀ իրավապահները, կալանավորելով Սարգսյանին, փորձել էին հասկանալ, թե որքան գումար է գործարարը «քցել» ՀՀ պաշտպանության նախարարությանը: Պարզվել էր, որ Աշոտ Սարգսյանն այդ սարքավորումները ձեռք է բերել տարբեր երկրներից` Վրաստանից, ԱՄՆ-ից:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն, աշխատելով ԱՄՆ դաշնային բյուրոյի ներկայացուցիչների, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով կցորդի հետ, ձեռք էր բերել սարքավորումների գնման պայմանագրերի օրինակները, որոնք ուղղակի փաստարկն էին այն իրողության, որ շուրջ կես միլիոն դոլարի հափշտակություն է կատարվել:

Տեղեկացնենք, որ կալանավորված գործարարին պատկանող ընկերությունը տեխնիկայով է ապահովել ՀՀ գրեթե բոլոր պետական կառույցներին՝ ՀՀ Կենտրոնական բանկին, Ազգային ժողովին, Կառավարությանը, պաշտպանության նախարարությանը, ոստիկանությանը, ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչությանը, ՀՀ դատարաններին՝ Շենգավիթ, Էջմիածին, Վայք, Եղվարդ, Մասիս, Չարենցավան, ֆինանսների նախարարությանը, Էկոնոմիկայի նախարարությանը, մշակույթի նախարարությանը եւ այլն:

Հավելենք, որ իր գործունեության ընթացքում գործարար Աշոտ Սարգսյանը խաբել է իր հաճախորդներին եւ, օրինակ, 50 հազար դրամանոց տեխնիկան 80 կամ 90 հազար դրամով է վաճառել: Ու դրա համար տարիներ առաջ դարձյալ յուրացման մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն ոչ միայն պատիժը չի կրել, այլեւ շարունակել է նույն գործով զբաղվել՝ այս անգամ էլ թիրախավորելով մեր պաշտպանական գերատեսչությանը: Բայց, ինչպես երեւում է, այս անգամ եւս նա «ջրից չոր է դուրս գալիս». նրան 3-4 ամիս առաջ գրավի դիմաց ազատ են արձակել:
Այն, որ Աշոտ Սարգսյանը, ամենամեղմ որակմամբ անգամ, «քցել» է ՊՆ-ին, անհերքելի իրողություն է, բայց թե ինչպես է ստացվում, որ Պն-ին կես միլիոն դոլար «քցելու» գործով կալանավորված գործարարը ամիսներ հետո գրավի դիմաց ազատ է արձակվում, այդպես էլ անհասկանալի է մնում: Չի բացառվում՝ հետագայում հայտնի դառնա, որ Աշոտ Սարգսյանին գրավի դիմաց ազատ են արձակել, որպեսզի «լռի»: Ո՞վ գիտի՝ գուցե գործարարը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կամ պաշտոնյաների հետ պայմանավորվածությո՞ւն է ունեցել ՊՆ-ին տեխնիկան առավել թանկ գնով վաճառելու եւ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված «ատկատը» կիսելու մասով: Ամենեւին բացառված տարբերակ չէ, առավել եւս, որ նմանօրինակ դեպք տարիներ առաջ բացահայտվեց:

Հիշեցնենք, որ դեռեւս 2011թ. մսի մատակարարները խաբել էին ՊՆ-ին՝ տավարի մսի փոխարեն տրամադրելով գոմեշի ավելի էժան միս: Այս գործով մեղադրյալը կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանն էր, որը մեզ հետ զրույցում ասել էր՝ ինքնագլուխ չի գոմեշի միս մատակարարել զորամասերին, այլ եղել է ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի համաձայնությունը. «Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողությունն իրականացնում: Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր»:

Արդյունքում Արշալույս Փայտյանը հեռացվեց աշխատանքից, իսկ Ալբերտ Օհանջանյանը փոխահատուցեց ՊՆ-ին հասցված վնասը:

Թվում էր, թե 2011թ. բացահայտված գոմեշի մսի աղմկահարույց դեպքից, Սերժ Սարգսյանի հայտնի, բարկացած խորհրդակցությունից հետո հայոց բանակում ֆինանսական չարաշահումների թեման պետք է փակված լիներ, բայց ոչ, այն ավելի խորը դրսեւորումներ ունի:

Իսկ թե ում թույլտվությամբ է Աշոտ Սարգսյանը պաշտպանության նախարարության վիդեոկոնֆերանսների սրահների տեխնիկան թանկ գնով վաճառել ՊՆ-ի վրա եւ ՀՀ ՊՆ-ի որ «խոշոր ձկան» թեթեւ ձեռքով կալանքից ազատվեց, առայժմ հայտնի չէ: Ամեն դեպքում, այս գործով այլեւս ձեւական դարձած նախաքննությունը դեռ շարունակվում է:

Արփինե Թովմասյան




Լրահոս