ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչու է ԲՈՀ հապավումը գրվում լրիվ մեծատառերով, իսկ բուհ-ը՝ փոքրատառերով (տեղյակ եմ, որ հայոց լեզվի շտեմարանում ընդունելի են այս ձեւերը):
ՊԱՏԱՍԽԱՆ. Անուշիկ Խաչատրյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ տառային հապավումները, որպես կանոն, գրվում են մեծատառերով. բացառություն են կազմում մի քանի տառային հապավումներ՝ բուհ, ջէկ, հէկ, աէկ, որոնք գրվում են փոքրատառերով: Դասագրքերում եւ գիտական գրականության մեջ բացառություն համարվող այս հապավումների փոքրատառերով գրությունը պատճառաբանվում է նրանով, որ դրանք, լայնորեն կամ հաճախակի գործածվելով, հասարակ գոյականի արժեք են ստացել, հետեւաբար պետք է գրվեն փոքրատառերով: Այս հիմնավորումը ըստ էության ճիշտ է, սակայն չի կարելի է բացառել հայերենում ուղղագրական երեւույթների փոխառությունը եւ պայմանականությունը:
Տառային հապավումների ուղղագրությունը արեւմտահայ գրական լեզվում փոխառված է եվրոպական լեզուներից՝ հիմնականում ֆրանսերենից, արեւելահայ գրական լեզվում՝ ռուսերենից, եւ ուղղագրական այս փոխառումը, բնականաբար, դրական մշակույթ է: Վերջին երեք տասնամյակում հայերենում ձեւավորվել են նորանոր տառային հապավումներ, որոնց ուղղագրությունը պաշտոնապես կարգավորման կարիք է զգում:
աշխատակազմի լեզվի պետական տեսչության
պետ Սերգո Երիցյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Lեզվական վեճերը մշտապես անսպառ են, իսկ դրանք կարգավորող մարմինների որոշումները` փոփոխական: Եվ այս դեպքում մեր ընթերցողի հարցադրումն էլ միանգամայն տրամաբանական է: Հուսանք, որ մոտակա ժամանակներս ուղղագրության կարգավորման խնդիրը վերջապես կլուծվի: