Իրանի իշխանությունները ողջունում են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գաղափարը, սակայն նշում են, որ անդամակցության որոշ մանրամասների քննարկումը շատ ժամանակ է պահանջում:
Այս մասին հայտարարել է Իրանի կապի և հաղորդակցության նախարարության ղեկավար, երկկողմ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին Մոսվայում կայացած ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
«Տարբեր նախարարությունների մակարդակով մեծ աշխատանք է պահանջվում տարբեր հարցերի քննարկման համար: Բանակցությունները կարող են 2-3 տարի տևել»,-նրա խոսքն է մեջբերում РИА Новости-ն:
Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը հետազոտական խումբ կստեղծեն՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցով ուսումնասիրության համար: Նա նաև հստակեցրել է, որ խմբի կազմը ձևավորման փուլում է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան