Երեւանի՝ վերջին քսան տարիների “լավագույն քաղաքապետ” Տարոն Մարգարյանի թողտվությամբ կառուցապատվում են Օպերայի հարակից կանաչ տարածքի վերջին պատառիկները: Ընդ որում, դա արվում է ցուցադրական լկտիությամբ` թքած ունենալով իշխանությունների եւ մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ երեւանցիների ունեցած համընդհանուր դժգոհության վրա. առանց համապատասխան իրազեկող վահանակի, առանց կառուցվող օբյեկտի շուրջ հանրային քննարկումների, առանց անգամ քաղաքապետարանի կողմից տրված թույլտվության ներկայացման:
Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ, երբ հացադուլ հայտարարած “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար նրա կողմնակիցները փորձում էին վրան տեղադրել, Երեւանի քաղաքապետարանը դա արգելեց` հանդես գալով Օպերայի շենքի` պատմամշակութային արժեք լինելու մասին ուղղակի խայտառակ մի բացատրությամբ: Եվ հիմա, երբ Ազատության հրապարակը սակավամարդ է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժումն էլ կարծես թե մարում է, իշխանություններին արդեն սկսում է թվալ, թե իրենց դեմ էլի խաղ չկա, ուստի կարելի է սկսել Օպերայի հարակից պուրակի դեռեւս ազատ մնացած հատվածի սրճարանապատումը: Ընդ որում, կասկածից դուրս է, որ այդ հերթական սրճարանը կկառուցվի, եւ Սերժ Սարգսյանն էլ չի գնա ու ասի` Տարո՛ն, գեղեցիկ չէ, քանի որ դրա կարիքն այլեւս չկա:
Իշխանություններին արդեն իսկ հաջողվել է հեղինակազրկել բոլոր ինստիտուտները, անգամ ընդամենը ամիսներ առաջ լուրջ հույսեր ներշնչող քաղաքացիական նախաձեռնությունները: Երբ շուրջ երկու ամիս պայքարելով Մաշտոցի պուրակի համար, քաղաքացիական ակտիվիստներն ի վերջո ուրախությամբ ընդունեցին Սերժ Սարգսյանի հակաօրինական` հարցերը “գեղական կարգով” լուծելու հորդորը, դրանով պարզապես ինքնախեղեցին ողջ պայքարի տրամաբանությունն ու արժեհամակարգը` հանգուցալուծումը իջեցնելով մինչեւ կոնկրետ պաշտոնյայի քմահաճույք: Հիմա էլ այդ նույն պաշտոնյայի քմահաճույքով կառուցվում է այս հերթական այլանդակությունը (կարծում ենք` որեւէ մեկը չի մտածում, որ Օպերայի հարակից պուրակում կարելի է սրճարան կառուցել առանց Սերժ Սարգսյանի “դաբրոյի”):
Եվ փոխանակ երեւանցիների համակրանքը շահելու համար Տարոն Մարգարյանը ապամոնտաժեր Օպերայի հիասքանչ շենքը ստվերող անճաշակ սրճարանները, նա դրանք ավելացնում է: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքացու կամ տվյալ դեպքում` երեւանցու ձայնը ոչինչ չի նշանակում իշխանությունների համար: Գլխավորը ձայն բերող թափթփուկների ցանկությունների բավարարումն է: Ու այս դեմքով էլ Տարոն Մարգարյանը ժամանակից շուտ քարոզչություն է սկսել:
“Ժողովուրդ” օրաթերթի 512 համար