Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը` ոստիկանական ապօրինությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ եւ այսօր “Ժառանգություն” կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած եւ Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված, Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք սակայն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից: Սակայն այսօր երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետեւող ավտոմեքենայի պետհամարանիշները, իսկ րոպեներ անց հանյտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղեւորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք: “Ժառանգության” երիտասարդները այս պահին հանցագործության մասին հայտարարություն են տալիս ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում:
Մենք նաեւ ահազանգ ենք ստացել, որ մարզերում Ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները տուն առ տուն ահաբեկում են տեղի բնակչությանը՝ ետ պահելու համար մարդկանց ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահաավքին մասնակցելուց:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պահանջում է ՀՀ Ոստիկանությունից պարզել, թե արդյոք իրոք նրա որոշ ներկայացուցիչներ ներքաշված են քրեածին, սեփական երկրի քաղաքացիների դեմ ուղղված գործողություններում եւ հաստատվելու դեպքում՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Մենք գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության պարտականությունն է ապահովել օրենքի տառը եւ ոչ թե իրականացնել իշխող կուսակցության եւ նրա ղեկավարի քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ




Լրահոս