Բնակչությունը գնալով նվազում է, իսկ ընտրողների թիվը շարունակել է աճե՞լ. ո՞վ պետք է «մաքրի» ընտրացուցակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ընտրողների ցուցակները արդեն մոտ 15 տարի է՝ իսկական պատուհաս են դարձել մեր երկրի համար: Բոլորը հասկանում են, որ ներկա ընտրացուցակները 800 հազարից մինչեւ 1 միլիոն ընտրողով ուռճացված են: Իսկ այդ հանգամանքն իր հերթին ընտրակեղծարարության լայն հնարավորություններ է ստեղծում:
Սակայն ամեն անգամ, երբ այս հարցը բարձրացվում է, իսկ դա սովորաբար տեղի է ունենում համապետական ընտրության կամ հանրաքվեի նախաշեմին, Հայաստանի պատկան մարմինները սկսում են չքմեղանալ, թե բա մենք ինչ անենք, օրենսդրությամբ է սահմանված, որ ՀՀ-ում հաշվառված բոլոր ընտրողները պարտադիր պետք է ընտրացուցակներում տեղ զբաղեցնեն, անկախ այն հանգամանքից, որ նրանց մի մասը վաղուց արդեն արտերկրում է բնակվում:

Մինչ խնդրի լուծումների տրամաբանական տարբերակներին անդրադառնալը, նախ ներկայացնենք ընտրողների թվի եւ քվեարկության մասնակցության թվերի վիճակագրությունը վերջին ավելի քան 15 տարիներին: Ստորեւ բերված ցուցակում ներկայացված են ՀՀ ԱԺ ընտրություններում` 1999-ից սկսած ընտրողների եւ քվեարկության մասնակցության պաշտոնական թվերը, որպես վերջին` առավել թարմ արդյունքներ, ներկայացրել ենք նաեւ 2013-ի նախագահական ընտրությունների ընտրողների եւ քվեարկության մասնակիցների պաշտոնական թիվը:
ընտ. թիվ մասնակցություն

1999 թ. ԱԺ- 2 մլն 198 հզ.544 1 մլն 137 հզ. 660
2003 թ. ԱԺ- 2 մլն 340 հզ.744 1 մլն 233 հզ. 757
2007 թ. ԱԺ- 2 մլն 317 հզ. 810 1 մլն 375 հզ. 733
2012 թ. ԱԺ- 2 մլն 522 հզ. 906 1 մլն 572 հզ. 858
2013 թ. նախ.- 2 մլն 527 հզ. 822 1 մլն 521 հզ. 261
2015 թ. հանր- 2 մլն 554 հազ. 332 …………………

Այսինքն՝ տարեցտարի ՀՀ քաղաքացիների արտագաղթի պայմաններում, որտեղ բնակչությունը գնալով նվազել է, ընտրողների թիվը շարունակել է անդադար աճել: Այդ աճին զուգահեռ ընտրությունից ընտրություն աճել է նաեւ քվեարկության մասնակիցների թիվը: Արդյունքում, եթե հիմք ընդունենք վերջին` 2012 եւ 2013 թվականների ընտրությունների պաշտոնական արդյունքները, ապա կարող ենք ասել, որ դրանց քվեարկության մասնակիցների թիվը հաստատ Հայաստանում գտնվող իրական ընտրողների թվից ավել է: Այլ կերպ ասած՝ վերը բերված թվերն ուղղակի ապացուցում են, որ ԱԺ եւ նախագահական ընտրությունների արդյունքները պարբերաբար եւ հետեւողական կեղծվում են:

Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ ընտրողների ցուցակները պետք է «մաքրվեն», հակառակ դեպքում ցանկացած ընտրություն կամ հանրաքվե կեղծված լինելու մեծ պոտենցիալ է պարունակում: Սակայն խնդիրն այն է, որ ընտրակեղծարարությամբ զբաղվում են իշխանությունները, մյուս կողմից ընտրական ցուցակները «մաքրելու» խնդիրը եւս կարող են լուծել միայն իշխանությունները: Առաջին հայացքից փակուղային իրավիճակ է: Սակայն զուտ տեսականորեն ենթադրենք՝ իրավապահ համակարգն այդ ընտրակեղծիքների հետ կապ չունի, եւ ընտրությունների ժամանակ այդ մարմինների գործառույթն ընտրակեղծարարների «թիկունքն» ապահովելը չէ: Այդ դեպքում, իրավապահները պետք է որ շահագրգիռ լինեն, որպեսզի վերացվեն ընտրակեղծարարությանը նպաստող գործիքները, այլ կերպ ասած՝ միջոցներ ձեռնարկեն՝ հանցագործության այդ տեսակը կանխարգելելու համար:

Մասնավորապես, Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ընտրողների ռեգիստրը, ասել է թե՝ ընտրական ցուցակները վարում է ՀՀ ոստիկանությունը: Ամեն անգամ, երբ ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրը բարձրացվում է, ՀՀ ոստիկանությունը հղում է կատարում գործող օրենսդրության վրա, թե իբր մենք մեղավոր չենք, օրենքներն են այդպիսին, որ թույլ են տալիս արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին եւս ընդգրկել ընտրական ցուցակներում:

Ուստի հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ ՀՀ ոստիկանությունը մինչ օրս չի առաջարկել ՀՀ կառավարությանը, որ վերջինս հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, եւ ներդրվի այնպիսի համակարգ, որը թույլ կտա ընտրողների ցուցակները մաքրել: Հանրահայտ փաստ է, որ բնակության նպատակով արտերկիր մեկնած ՀՀ քաղաքացիներն իրենց գտնվելու վայրում հաշվառվում են:

Այսինքն՝ եթե ԸՕ-ում եւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեն, ապա ոստիկանությունն այլեւս կկարողանա պարզել, թե ովքեր են, օրինակ, այն 362 հազար ՀՀ քաղաքացիները, որոնք հաշվառված են ՌԴ-ում, այլ երկրներում ովքեր են հաշվառված, եւ նրանց տվյալները դուրս բերի ընտրական ցուցակներից: Իսկ ինչու հենց ոստիկանությունը նման առաջարկով հանդես չի եկել եւ կառավարությանը համապատասխան առաջարկությունները չի ներկայացրել, այս հարցի պատասխանն ուղղեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանը:

Մեր հարցմանը ոստիկանությունից տվեցին հետեւյալ պատասխանը. «ՀՀ կառավարության 2004 թվականի N 806-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը, որպես գործադիր իշխանության հանրապետական մարմին, մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը հանցավորության եւ այլ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի, հասարակական կարգի ու անվտանգության ապահովման ոլորտում: Այս իմաստով ՀՀ ընտրական օրենսգիրքը չի դիտարկվում որպես ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտի քաղաքականությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտ»: Այսինքն՝ ոստիկանությունն ընդունում է, որ «հանցավորության եւ այլ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի» տեսանկյունից իրենք իրավասու են կառավարությանը օրենսդրական առաջարկություն ներկայացնել:

Բայց ԸՕ-ն որակում են իրենց «ոլորտից» դուրս: Բայց ողջ խնդիրն այն է, որ այս դեպքում ոչ թե զուտ ընտրական գործընթացի, այլ ընտրակեղծարարության տեղիք տվող համակարգի մասին է խոսքը, իսկ հանցավորության դեմ պայքարն ու կանխարգելումը հենց ոստիկանության գործառույթն է, եւ իրենք էլ դա չեն հերքում: Նույնիսկ ԿԸՀ-ն կարող է կողմ լինել ընտրակեղծարարությանը, եւ միայն ոստիկանությունն է, որը ի պաշտոնե լիազորված է պայքարել հանցավորության, ասել է թե՝ ընտրակեղծարարության դեմ: Իրականությունը, սակայն, այն է, որ ցանկացած ոստիկանապետ, ով կհամարձակվի խնդրին այդ տեսանկյունից մոտենալ եւ կհամարձակվի ինչ-որ կերպ սպառնալ ընտրակեղծարարներին, մեկ օր անգամ իր պաշտոնին չի մնա: Իսկ մնացած պատճառաբանություններն այս դեպքում ընդամենը սովորական «կռուտիտներ» են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս