Արշակ Սադոյանից բռնագանձել են 127 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը պարտվեց դատարանում:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2015 թվականի հունիսի 19-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նախկին պատգամավոր Արշակ Սադոյանից գանձել 127 հազար դրամ: Ի դեպ, դատարանում, բացի նախկին պատգամավորից, նաեւ պատասխանող է ներկայացված Արշակ Սադոյանի որդին` Արա Սադոյանը:

Մեզ հետ զրույցում Արշակ Սադոյանը պատմել էր, որ ապրիլին Հանրապետության հրապարակում վթար էր տեղի ունեցել. «Ես իրականում մեղավոր չէի այդ վթարի մեջ, մի փոքր քերծվածք էր: Այդ օրն էլ այնքան էի շտապում, որ մյուս մեքենայի վարորդին, որը կին էր, ասեցի՝ աղջիկ ջա՛ն, այն մարդու հետ, որի հետ պետք է հանդիպեմ, ավելի կարեւոր է, քան քո մեքենայի 10.000 դրամանոց քերծվածքի հարցը: Արի, այս հարցը լուծենք: Այդ աղջիկը չհամաձայնեց, բա՝ չէ՛, չէ՛: Սպասեցինք, ԱՊՊԱ-ն եկավ, նկարեց, իր գործողություններն արեց: Այդ ժամանակ ասեցի, որ շտապում եմ, պետք է գնամ, իսկ ԱՊՊԱ-ի աշխատակիցներն ասեցին, որ չէ, պետք է սպասեք, ոստիկանությունը գա, ես էլ, իրոք, ժամանակ չունեի, թողեցի, գնացի»:

Ըստ Արշակ Սադոյանի` վթարի ժամանակ իր մեքենան ապահովագրած չի եղել. «Դե, ԱՊՊԱ չունեի, ասեցի՝ տվեք, տանեմ, այդ մեքենան սարքել տամ, հետո ԱՊՊԱ-ն ասեց՝ չէ, իրենք մեքենան կսարքեն, քանի որ արդեն շատ ուշացրել եք: Արդյունքում այդ կնոջ մեքենայի քերծվածքը գնահատել էին 127 հազար դրամ: Այդ մեքենայի սարքելը մի 15 հազարի պատմություն էր, բայց իրենք գնահատել են այդքան: Դե, ես էլ չեմ վճարել այդ գումարը: Հիմա դատարանը թող որոշի՝ մեղավոր կլինեմ, կմուծեմ, չեմ լինի, չեմ մուծի»:
Առաջին ատյանի դատարանը, շուրջ 4 ամիս քննելով նախկին պատգամավորի գործը, հոկտեմբերի 16-ին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտովթարը տեղի է ունեցել նախկին պատգամավորի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու արդյունքում, ինչպես նաեւ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ որոշել է բավարարել ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ի հայցը եւ Արշակ Սադոյանից բռնագանձել 127 հազար դրամ: Ասել է թե՝ նախկին պատգամավորը պարտվեց դատարանում:
Ք. Մ.




Լրահոս