Այսօր ԱԺ-ում “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, թե վաղը ԱԺ հատուկ նիստը ո՞ր դահլիճում է լինելու, ովքե՞ր են հրավիրված այդ նիստին, ովքե՞ր են մասնակցելու եւ ովքե՞ր են հրավիրված արտերկրից: Հովիկ Աբրահամյանն ի պատասխան հորդորեց դիմել ԱԺ աշխատակազմ եւ “իրենք մեծ սիրով ձեզ կտրամադրեն ձեզ հրավիրվածների ցանկըե: Զարուհի Փոստանջյանը հաջորդ՝ իրեն ձայն տալու հնարավորության ընթացքում հայտարարեց, որ կարելի է եզրակացնել, “Դուք այստեղից չեք ուզում հնչեցնել, թե ովքեր են հրավիրված այդ հատուկ նիստին”: Այս մեկ նախադասությունից հետո նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորեց անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը: Զարուհի Փոստանջյանը սկսեց խոսել առանց խոսափողի եւ Հովիկ Աբրահամյանին դիմեց. “Անցյալ անգամ մենք խոսեցինք, դուք ասացիք, որ մեղավոր չեք, որ իմ խոսափողն անջատում է նիստը վարողը: Ինչո՞ւ չեք միջամտում”: Նրան Հովիկ Աբրահամյանի փոխարեն պատասխանեց Էդուարդ Շարմազանովը. “Մեղավոր է կանոնակարգը, որը ձեզ հնարավորություն չի տալիս”: Վիճաբանությանը միջամտեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա բացեց եւ ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքը՝ ապացուցելու համար, թե իրականում որ դեպքերում պետք է անջատել խոսափողը. “Եթե հարց տվողի եւ զեկուցողի միջեւ լինում է բանավեճ: Այստեղ բանավեճը դուք եք հրահրում, պարոն Շարմազանովե: Շարմազանովն այս անգամ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ հորդորեց. “Անջատեք պարոն Փաշինյանի խոսափողը: Ես Կանոնակարգ օրենքով եմ շարժվում: Կարող եք արտահերթ նիստ հրավիրել, եւ կա հայտարարությունների ժամ”: Էդուարդ Շարմազանովի պահվածքից դժգոհեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը. “Դուք չեք լսում ինքը ինչ է ասում, միգուց” շարունակության մեջ ասում է այն, ինչ բոլորս սպասում ենք, բայց դուք չեք լսում: Առաջին մեկ, երկու, երեք, չորս բառից հետո ասում եք՝ անջատել խոսափողըե: Այս անգամ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց Վահան Հովհաննիսյանին. “Պատգամավորների մտքի իմաստը հասկանալու համար պարտադիր չէ սկզբից մինչեւ վերջ լսել նրանց”:
aravot .am