ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի` զինտեխնիկայի եւ հատուկ ստորաբաժանումների կուտակումներ են նկատվում: 
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական զինուժի նման կուտակումը, եւ ինչպիսի՞ հակաքայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հետեւել եմ մամուլի հրապարակումներին, եւ այնտեղ կա նաեւ ադրբեջանական կողմի պատճառաբանությունը, թե իբր հայկական զորքերը ռմբակոծել են ադրբեջանական բնակավայրերը, եւ այս ամենից պարզ է դառնում, որ նրանք էլ չեն հերքում իրենց կուտակումները: Խնդիրն այն է, որ մենք փաստացի պատերազմական վիճակում ենք գտնվում, եւ քանի դեռ չկա հաշտության պայմանագիր, մենք այս պայմաններում ամեն անակնկալի պետք է պատրաստ լինենք: Եթե ուզում ես ապրել խաղաղությամբ, պետք է պատրաստ լինես պատերազմի: Ադրբեջանը երբեք հաշվի չի նստել միջազգային դիտորդների հետ, եւ այս ամենն էլ դրա վառ ապացույցն է: Սակայն, ցավոք, հարեւաններին մենք չենք ընտրում, հարեւանները մեր կողքին են, եւ մենք պարտավորված ենք նրանց կողքին ապրել, եթե խուճապի մատնվենք, նշանակում է կյանքներս դժոխքի վերածել, մենք պետք է սառը կշռադատենք իրականությունը եւ պատրաստ լինենք:
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերություների 
մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ծանոթ չեմ խնդրին: Մեզ մոտ՝ Ղարաբաղում, այդ մասին ոչ մի լրատվամիջոց ոչ մի բան չի հայտարարում, եւ եթե այդ կուտակումները կան, ապա իմացե՛ք` դա Ադրբեջանին ոչինչ չի տա: Ու իբր թե Ադրբեջանն այսօր պատրաստ է կռվի` իմ ուղեղում, ճիշտն ասած, չի տեղավորվում: Սա, ինձ թվում է, կապված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ: Իրենց մոտ ներքաղաքական իրավիճակը լարված է, եւ միգուցե հենց իրենք են լրատվամիջոցներով ասել, թե հայկական կողմը կուտակումներ է անում իրենց սահմանի վրա, որ մարդիկ խառնվեն իրար, քանի որ եթե պատերազմ լինի, մարդկանց քշելու են բերեն կռվի դաշտ, ինչպես 1994-ին եղավ մեզ մոտ: Ներկա պահին մեզ մոտ՝ Ղարաբաղում, ամեն ինչ լավ է ու խաղաղ, եւ չեմ կարծում, որ այս ամենը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ որեւէ կապ ունի: Կրկնում եմ՝ մոռացե՛ք, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները պատերազմ կսկսեն մեր դեմ, քանի որ այդ դեպքում շատ ծիծաղելի վիճակում կհայտնվեն:
ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ  
ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր 
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս