Մեքսիկայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 8-ին, Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա իր աշխատանքով նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը եւ ամրապնդմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ անցած տարի Մեքսիկա իր այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հավելյալ խթան կհանդիսանա հայ-մեքսիկական փոխգործակցության զարգացման համար:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս տարի Մեխիկոյում Հայաստանի դեսպանություն բացելու մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գեռերոն նշել է, որ իր երկիրը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը եւ հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-մեքսիկական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:




Լրահոս