Սամվել Բալասանյանը հայտնվել է խաղից դուրս վիճակում. նրան ընտրատեղամասեր չեն վստահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզում սահմանադրական հանրաքվեի հետ կապված հստակ «բաժանումներ» են արվել. ընտրատեղամասերը բաշխվել են գյումրեցի պատգամավորների միջեւ, որոնք պետք է հետեւեն դրանց աշխատանքներին ու ձայներ ապահովեն՝ հօգուտ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների: Արդեն իսկ պատգամավորները լծվել են աշխատանքի: Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ «բաժանումների» պատճառով Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ «գործ» է մնում անել, ինչից ենթադրելի է, որ Ս. Բալասանյանը հայտնվել է «խաղից դուրս» վիճակում:

Հայտնի է, որ ՀՀ վարչապետ, այո-ի քարոզարշավի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է բոլոր ՀՀԿ-ականներին ու «անկախ» պատգամավորներին ընտրատեղամասերը բաժանել միմյանց միջեւ: Ըստ մեր տեղեկությունների՝ Գյումրիում այդ բաժանումն արդեն տեղի է ունեցել, եւ անգամ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասայանին են ընտրատեղամաս «տվել»: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանին հանձնարարել են «զբաղվել» ընդամենը երկու ընտրատեղամասով: Նշվում է, որ դա էլ արվել է միայն նրա համար, որպեսզի Ղուկասյանն իրեն «վատ» չզգա եւ համարի, որ իշխանությունն իրեն դեռեւս «պահում» է իր շարքերում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին եւս մի քանի ընտրատարածք են վստահել: Բանն այն է, որ հենց այդ տարածքներում են ապրում Ս. Ավետիսյանի ընտանիքն ու հարազատները, ինչի պատճառով էլ այդ «մայլեն նրան են «հանձնել»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը եւս պարտավորություններ է ստանձնել:

Իսկ, ահա, ԱԺ ԲՀԿ խմբակցությունում ընդգրկված, բայց դե ֆակտո անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում ամենաշատ ընտրատեղամասեր ունեցող անձն է, նրան վստահել են 30-ից ավել «տարածքներ»: Մ. Գրիգորյանը եւս այո-ի քարոզարշավն է իրականացնելու` կատարելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունները:

Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ապա այս անգամ իշխանությունները նրա հույսին շատ ընտրատեղամասեր չեն թողել՝ հաշվի առնելով նախագահական վերջին ընտրությունների ժամանակ Ս. Բալասանյանի գրանցած խայտառակ արդյունքները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս