«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին գրել էր, որ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների քարոզչության աշխատանքներում քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ տարածք է բաժին հասել: Տեղեկացրել էինք, որ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջեւ», եւ հենց նրանք պետք է ապահովեն անհրաժեշտ թվով այո-ները: Պատգամավորներն էլ առանձնակի եռանդով «լծվել են աշխատանքի», քանի որ նրանց բաց տեքստով ասվել է, որ իրենց ապագա ճակատագիրը կախված է հանրաքվեի արդյունքներից: «Բաժանումների» արդյունքում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին բավականին քիչ տարածք է բաժին հասել, ինչի արդյունքում տեղի իշխանական վերնախավի շրջանում արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա եկող տարվա սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի լինի իշխանության թեկնածուն:
Այս խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սահակ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության գործում ընդգրկված են նաեւ ոչ հանրապետական գործիչներ: Կարողանո՞ւմ եք համակարգել տարբեր հայացքների տեր մարդկանց:
-Սահմանադրական բարեփոխումները միայն Հանրապետական կուսակցությունը չէ, որ կողմ է: Մենք քարոզում ենք այն, ինչը որ ընդունում ենք: Ընդունում ենք այո-ն եւ այն քարոզում ենք, ամենակարեւորը՝ չենք ուզում քաղաքականացնել եւ ուզում ենք հասարակության բոլոր շերտերին հասու դարձնել, թե Սահմանադրության նոր բարեփոխումները ինչ է բերում ժողովրդավարական նոր զարգացումների առումով:
-Աշխատանքի բաժանումն ինչպե՞ս է իրականացվում, որ երկակիացում չլինի:
-Երկակիացում չկա, ուղղակի քարոզի լոկալացման խնդիր կա: Դուք մասնավորեցնում եք մեր ռազմավարությունը, որը ես մասնակիորեն ներկայացնեմ, ոչ լիարժեք: Ընդհանուր առմամբ շտաբն իր ֆորմալ եւ ոչ ֆորմալ կողմնակիցներով իրականացնում է քարոզ Շիրակի մարզի ամբողջ տարածքում ազգաբնակչության համար, ունենք նաեւ հրավիրված քարոզիչներ, վերապատրաստված իրավաբաններ, քարոզչական խմբեր, իսկ էդ տարածքային բաժանումները քարոզի կազմակերպման ավելի տեղայնացման միտում ունի: Քարոզչության իրականացման գործում Սամվել Բալասանյանի թիմը շատ ավելի ընդգրկուն ու մեծ տարածքում է քարոզ իրականացնելու:
Վերջում հավելենք, որ ամենամեծ քանակությամբ տեղամասեր (թվով 47) տրվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին, պատգամավորներ Մարտուն Գրիգորյանին՝ 31 տեղամաս, Սուքիաս Ավետիսյանին՝ 2 տեղամաս, իսկ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ 2 տեղամաս (իր թաղում)»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: