
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման ժամկետներն արդեն հայտնի են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ միջնորդները նախատեսում են Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպել դեկտեմբերի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հոկտեմբերի 26-ից 27-ը տարածաշրջան կատարած այցի նպատակը մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելն էր: Այդ մասին հայտարարել էր անձամբ Ջեյմս Ուորլիքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Ներկայումս միջնորդները կողմերի հետ փորձում են հստակեցնել հանդիպման կոնկրետ օրը:
Երեկ «Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց ճշտել, թե արդյոք նշված ժամանակահատվածում է նախատեսված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: «Մենք պատշաճ կարգով, ժամանակին նախագահի հանդիպումների մասին տեղեկացնում ենք»,- պատասխանեց Հակոբյանը: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նույն խնդրի առնչությամբ ասաց. «Նման հանդիպումների մասին նախագահի աշխատակազմը վաղաժամկետ տեղեկացնում է»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: