Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112- ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: Այս մասին հաղորդել է CNNը: Ֆրանսիայի դատախազությունն առայժմ հաստատել է 120 զոհի փաստը: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծանր է: Փարիզում ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվել է:
Այդ մասին հայտնել է «Ֆրասպրես»ը` հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ` հարձակվողներից 7 – ն իրենք իրենց պայթեցրել են: Ամեն դեպքում Փարիզի բնակիչներին խորհուրդ չի տրվում դուրս գալ տանից, քանի որ պահպանվում է հավանականությունը, որ որոշ ահաբեկիչներ թաքնվել են դեպքերի վայրից:
«Արմենպրես»ի հաղորդմամբ` երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:
Հիշեցնենք. երեկ երեկոյան անհայտ անձինք հրաձգություն են իրականացրել Փարիզի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, 11-րդ շրջանի «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից անմիջական հեռավորության վրա և մի քանի այլ կետերում։ Նշվում է, որ կրակոցներն ու պայթյունները հնչել են Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղի ժամանակ։